Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրական գումարը երրորդ եռամսյակում գերազանցել է 7 տրլն դրամը

19.11.2012 20:57
Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրական գումարը երրորդ եռամսյակում գերազանցել է 7 տրլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրական գումարը երրորդ եռամսյակում գերազանցել է 7 տրլն դրամը, հայտնեց Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի ղեկավար Անդրանիկ Օհանջանյանը շուկայի հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսում:

Համարվում է, որ Հայաստանի ապահովագրության շուկան ձևավորվել է 1996 թվականի նոյեմբերի 19-ին, երբ ընդունվել է «Ապահովագրության մասին» առաջին օրենքը:

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ այս տարիներին ապահովագրական շուկան էապես փոխվել է, ինչի վկայությունն են էական որակական փոփոխությունները:

«Եթե 1997 թվականին համախառն ապահովագրական գումարը (ռիսկերի գումարը) կազմում էր շուրջ 60 մլրդ դրամ, ապա 2012 թվականի հաշվետու եռամսյակում այն գերազանցել է 7 տրլն դրամը: Իսկ 2012 թվականի երկրորդ եռամսյակի ապահովագրավճարների գումարը կազմել է մոտ 24 մլրդ դրամ՝ 1997 թվականի 431,4 մլն  դրամի դիմաց»,- ասաց Օհանջանյանը:

Բացի այդ, Ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ այս տարիներին կատարվել է նաև ապահովագրական բիզնեսով զբաղվող ընկերությունների թվի օպտիմալացում՝ 1996 թվականին 85-ից մինչև 20-ը՝ «Ապահովագրության մասին» առաջին օրենքի ընդունումից հետո:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը:

«Չնայած ստացվող շահույթի ոչ մեծ ծավալներին՝ Հայաստանում գործող բոլոր յոթ ապահովագրական ընկերությունները շարունակում են զարգացնել ապահովագրության շուկան՝ ապահովագրության մշակույթ ձևավորելով երկրում»,- ասաց Օհանջանյանը:

Նա նշեց, որ 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 487 մլն դրամ:
Միաժամանակ, ապահովագրական ընկերությունների 2012 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվությունների համաձայն, հայկական ապահովագրողների համախառն ակտիվների ծավալը կազմել է 38,1 մլրդ դրամ տարեսկզբի 28 մլրդ դրամի դիմաց, պարտավորությունները կազմել են 25,2 մլրդ դրամ՝ 14,7 մլրդ դրամի դիմաց, իսկ ապահովագրական ընկերությունների համախառն կապիտալը կազմել է 13,6 մլրդ դրամ 13,3 մլրդ դրամի դիմաց: -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև