ԱՄՆ բորսաների ցուցիչներն աճել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի լուրերի ֆոնին

22.11.2012 14:04
ԱՄՆ բորսաների ցուցիչներն աճել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի չնչին աճ են գրանցել Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև Գազայի հատվածում հրադադարի մասին լուրերի և ԱՄՆ-ի ոչ միանշանակ վիճակագրական տվյալների հրապարակման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Dow Jones արդյունաբերական ցուցիչը բարձրացել է 0,38 տոկոսով և կազմել 12836,89 կետ: NASDAQ բարձր տեխնոլոգիական ցուցիչն ավելացրել է 0,34 տոկոս և հասել 2926,55 կետի: S&P 500 լայն շուկայի ցուցիչն ավելացել է 0,23 տոկոսով՝ մինչև 1391,03 կետ:

Չորեքշաբթի Եգիպտոսի ղեկավար Մուհամեդ Ամիրն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ներկայությամբ Կահիրեում հայտարարել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի մասին: «Հրադադարի վերաբերյալ հայտարարությունը որևէ կերպ չի լուծում խնդիրը, սակայն դա խոսում է այն մասին, որ բանակցությունները շարունակվում են»,- Bloomberg գործակալությունը մեջբերում է RidgeWorth Capital Management ընկերության ավագ ներդրումային ռազմավար Ալան Գեյլի (Alan Gayle) խոսքը: «ԱՄՆ-ում տնտեսական տվյալները խառն էին, բայց ընդհանուր առմամբ, դրական»,- ավելացրել է նա:

ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 41 հազարով՝ կազմելով 410 հազար: Միաժամանակ, նախորդ շաբաթ այդ ցուցանիշը աճել է՝ 439 հազարից մինչև 451 հազար: Վերլուծաբաններն ակնկալում էին, որ հայտերի թիվը նախորդ շաբաթվա չվերանայված ցուցանիշի համեմատ նվազելու է 29 հազարով՝ մինչև 410 հազար:

Շուկայի սպասումներն ու Միչիգանի համալսարանի սպառողական տրամադրությունների ցուցիչի տվյալները չեն համընկել։ Վերջինը նոյեմբերին, վերջնական գնահատականով, նվազել է մինչև 82,7 կետը սկզբնական 84,9 կետից: Փորձագետները սպասում էին միայն մինչև 84,5 կետի նվազում:

Միաժամանակ, ԱՄՆ-ում գերազանցող տնտեսական ցուցանիշների ինդեքսն աճ է ցույց տվել արդեն երկրորդ ամիսն անընդմեջ: Հոկտեմբերին ցուցանիշն աճել է 0,2 տոկոսով սեպտեմբերի 0,5-տոկոսանոց աճից հետո: Conference Board ընկերության վերլուծաբանների գնահատականներով, միջնաժամկետ հեռանկարում ակնկալվում է ինդեքսի զուսպ աճի պահպանում:

DJIA (Dow Jones Industrial Average) —30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշ:

S&P 500 (Standard and Poor’s 500 Index) —շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչ:

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation) — բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչ. -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև