ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը և Visa ընկերությունը Հայաստանում առաջին բարեգործական քարտն են թողարկում

22.11.2012 15:33
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը և Visa ընկերությունը Հայաստանում առաջին բարեգործական քարտն են թողարկում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Հայաստան» համահայկական hիմնադրամի և Visa ընկերության հետ համատեղ, Հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ, առաջին անգամ Հայաստանում թողարկել են բարեգործական Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, նախագծի նպատակը Հայաստանի մանկատների երեխաներին օժանդակող ծրագրերի ֆինանսավորման համար միջոցների հավաքագրումն է:

«Բարեգործական քարտը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ ջանքերի և շոշափելի ֆինանսական ծախսերի իրականացնել կանոնավոր նվիրատվություններ` կատարելով ներդրում մանկատների երեխաների օժանդակության կարևոր գործում»,- ասվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ:

Բարեգործական ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին փոխանցում է Visa «ԲԱՐԵՐԱՐ» Քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.3%-ը, ինչպես նաև Քարտի սպասարկման վարձի 50%-ը: Այս գումարները կվճարվեն բանկի սեփական միջոցներից: Քարտապանները, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան կատարել հավելյալ ամենամսյա նվիրատվություններ` քարտի պատվիրման ժամանակ իրենց կողմից սահմանված չափով:
Մամուլի հաղորդագրության համաձայն, այդ քարտով 5000 դրամի գործարք կատարելիս Հիմնադրամին բանկի կողմից  կփոխանցվի 15 դրամ գումար, իսկ 10 000 և 15 000 դրամի գործարքներ կատարելիս փոխանցումները կկազմեն, համապատասխանաբար, 30 և 45 դրամ:
Հավաքագրված միջոցների ծախսման ուղղությունները կսահմանվեն տարեկան մեկ անգամ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի քարտապանների շրջանում անցկացվող հարցման արդյունքների հիման վրա:  Նվիրաբերված միջոցները կուղղվեն այն ծրագրերին, որոնք կստանան քարտապանների ձայների մեծամասնությունը:

Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը կարող է օգտագործվել որպես աշխատավարձային քարտ, որը բանկի կողմից իրականացվող աշխատավարձային ծրագրերի շրջանակներում կսպասարկվի անվճար` այս նախաձեռնության շուրջ հնարավորինս շատ անհատների համախմբելու նպատակով:

««ԲԱՐԵՐԱՐ» նախաձեռնությունը բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող միջոցառումների մասն է կազմում և թույլ է տալիս ընդլայնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և Հիմնադրամի միջև ձևավորված համագործակցությունը»,- ասաց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատի դառնալու նվիրատու և բարեգործություն անելու` ընդամենը առօրյա վճարումները Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտով կատարելու միջոցով:
«Վստահ եմ, որ մեր շատ հայրենակիցներ, ինչպես նաև բանկի և հիմնադրամի աշխատակիցները կմիանան այս բարեգործական ծրագրին»,- ասաց Գիշյանը:
Բանկի ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց գործընկերոջը՝ Visa ընկերությանը, այդ նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ ընդունելու և իրականացման ընթացքին աջակցելու համար:
«Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը հիանալի հնարավորություն է տալիս անգամ փոքր նվիրատվություններով դառնալ Հիմնադրամի նվիրատու և աջակցել մանկատներում բնակվող երեխաների համար մեր կողմից իրականացվող ծրագրերին»,- ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ նախաձեռնությանը միանալու հնարավորություն են ստանում ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլ նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր դեկտեմբերի 1-ից սկսած կարող են քարտը պատվիրել բանկի կայքի միջոցով և այն ստանալ Հայաստան ժամանելուն պես:

Visa ընկերության Կովկասյան տարածաշրջանի ռեգիոնալ մենեջեր Իրինա Կամխաձեն միաժամանակ ասում է, որ մեծ պատիվ է Հայաստանում առաջին անգամ թողարկել բարեգործական ծրագրով Visa քարտ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում:

Նրա խոսքով` Visa քարտերը նվիրատվություն կատարելու նոր եղանակ են, որոնք բնակչության առավել լայն զանգվածներին առաջարկում են բարեգործություն կատարելու առավել արագ և հարմար մեխանիզմներ:

«Քարտի անվանումը խորհրդանշական է, և մենք հավատում ենք, որ Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը կնպաստի բարեգործության մշակույթի ամրապնդմանը Հայաստանում և կօգնի հանրության միասնական ջանքերն ուղղել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն»,- ավելացրեց նա:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1995թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում այնպիսի կարևոր ֆինանսական ցուցանիշներով ինչպիսիք են ակտիվների, վարկային պորտֆելի, կապիտալի մեծությունը, ինչպես նաև քարտերով կատարվող գործառնությունների ծավալները, բանկոմատների և POS տերմինալների քանակը: 2012թ.-ի սեպտեմբերի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները կազմել են 245 մլրդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը` 158 մլրդ ՀՀ դրամ, կապիտալը` 48 մլրդ ՀՀ դրամ, իսկ շահույթը` 3 մլրդ ՀՀ դրամ:

«Հայաստան» hամահայկական hիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբելու Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և արտերկրում ապրող հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:

Visa-ն միջազգային վճարային տեխնոլոգիաներ տրամադրող ընկերություն է, որը միացնում է աշխարհի 200 պետությունների և տարածաշրջանների սպառողներին, գործարարներին, ֆինանսական հաստատություններին և կառավարություններին`  արագ, անվտանգ և հուսալի դրամական գործառնություններ կատարելու համար: Ընկերության հիմքում ընկած է VisaNet ցանցը, որը կարող է վայրկյանում կատարել 20,000 գործառնություն` ապահովելով սպառողների պաշտպանությունը զեղծարարությունից և ընձեռելով առևտրի/սպասարկման կետերին երաշխավորված վճարում ստանալու հնարավորություն:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև