22.11.2012 20:00
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկային համակարգի հարցվածների շուրջ 62 տոկոսը 12-ամսյա գնաճը 2,5-5,5 տոկոսի սահմաններում է կանխատեսում՝ ՀՀ ԿԲ-ի կողմից անցկացված 2012թ.-ի երրորդ եռամսյակի հարցման համաձայն:
ՀՀ ԿԲ-ն պարբերաբար հարցում է անցկացնում ֆինանսական հաստատությունների և տնային տնտեսությունների շրջանում երկրի գնաճային սպասելիքների վերաբերյալ: Այսպես, նախորդ հարցման արդյունքներով, 2,5-5,5 տոկոսի սահմաններում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսել էր բանկային համակարգի հարցվածների 57 տոկոսը:
2012թ.-ի երրորդ եռամսյակի հարցման համաձայն` 5,5-8,5 տոկոսի սահմաններում գնաճի առավել բարձր տատանումներին հակված բանկերի տեսակարար կշիռը կրճատվել է նախորդ հարցման համեմատ՝ 38,1 տոկոսից դառնալով 33 տոկոս:
Միաժամանակ երրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների սպասելիքները նույնպես բաժանվել են. հարցվածների մոտ 41 տոկոսը գնաճը 2,5-5,5 տոկոսի սահմաններում է կանխատեսել, իսկ մյուս 41 տոկոսը՝ 5,5-8,5%:
ԿԲ հարցման արդյունքների համաձայն` տնային տնտեսությունների գնաճային սպասելիքները հիմնականում մոտ են նպատակային գնաճի ցուցանիշին: Տնային տնտեսությունների սպասելիքները վերջին երկու եռամսյակում կայուն կերպով հաստատվել են 4,5 տոկոսի սահմաններում:
Միաժամանակ 2012թ.-ի վերջին ԿԲ-ի կանխատեսումների համաձայն` գնաճը կհասնի 3,4 տոկոսի, ընդ որում նախորդ կանխատեսումների համեմատ, այդ ցուցանիշը վերանայվել է որոշակի աճի կողմը:
Հայաստանի 2012թ.-ի պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճն ակնկալվում է 4% (±1,5%) չափով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: