23.11.2012 18:23
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մասնակցել է նախորդ շաբաթ HSBC Խմբի Առևտրավարկային վարչության նախաձեռնությամբ Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած համաշխարհային «Միջազգային փոխանակում» համաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին HSBC Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն` Դուբայ ժամանած առաջատար ընկերությունների թվում հայկական «ԲԱՐՍԻՍ» ընկերությունը մասնակցել է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկի հետ նոր բիզնես կապեր ստեղծելուն, լավագույն բիզնես փորձի փոխանակմանը, ինչպես նաև ապագա գլոբալ տնտեսական զարգացումներին և հնարավորություններին նվիրված քառօրյա քննարկումներին:
Համաժողովը, մասնավորապես, կենտրոնացել էր «Էմիրությունների դիվերսիֆիկացված տնտեսության», նավթագազային ոլորտում ծառայություններին, շինարարության և ենթակառուցվածքներին, և սպառողական ապրանքների ոլորտներին վերաբերող հարցերին:
«ԲԱՐՍԻՍ» ընկերությունը (կոսմետիկայի և օծանելիքի ներմուծում) ընտրվել է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի Մայրցամաքային Եվրոպայի առևտրավարկային վարչության կողմից` որպես արագ աճող և Միացյալ Արաբական Էմիրությունների հետ առևտուրը ընդլայնելու զգալի ներուժ ունեցող ընկերություն:
Ըստ HSBC Բանկ Հայաստանի Առևտրավարկային դեպարտամենտի ղեկավար Արամ Փինաջյանի՝ Էմիրություններն ունի յուրահատուկ տնտեսություն, որն իր մեջ ներառում է նավթի արդյունահանումը և արտահանմանը միտված բաց տնտեսությունը:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ընձեռում է այս բացառիկ հնարավորությունը իր հաճախորդներին` խթանելով Հայաստանի ընկերություններին դուրս գալ տեղական շուկայի սահմաններից և իրենց երկարաժամկետ ծրագրերում հիմնվել միջազգային առևտրի միտումների և հնարավորությունների վրա», - ասել է նա:
Այս տարվա առաջն կիսամյակի արդյունքներով Առևտրի ֆինանսավորման ծառայությունների ընթացիկ մնացորդը կազմել է 10 միլիարդ ՀՀ դրամ` 2011 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ աճելով 27 տոկոսով: Բանկին բաժին է ընկնում առևտրի ֆինանսավորման շուկայի 38 տոկոսը: Առևտրի ոլորտին տրամադրված վարկերի ծավալը 2012 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 42 միլիարդ ՀՀ դրամ:
«Էյչ-Էս-Բի-Սի»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհում»: «Առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաև «Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում:
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» հիմնադրվել է 1995թ. սեպտեմբերի 25-ին։ Ընկերության բաժնետոմսերի 70%-ը պատկանում է «HSBC Europe BV»-ին, իսկ մնացած 30%-ը` «Wings Establishment»-ին: –0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: