Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններով են սակարկվել ԱՄՆ-ից տվյալների հոսքի ֆոնի ներքո

03.12.2012 13:16
Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններով են սակարկվել ԱՄՆ-ից տվյալների հոսքի ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցյալ շաբաթ թանկարժեք մետաղների գներըմ այդ թվում` ոսկու, ճնշման տակ էին գտնվում` ԱՄՆ օրենսդիրների շարունակվող քաղաքական վեճերի ֆոնի ներքո։

Այն նորությունը, որ Հունաստանի միջազգային վարկատուները վերջապես այդ երկրին ֆինանսական օգնության վերաբերյալ համաձայնության են հասել, նույնպես չկարողացավ էական աջակցություն ցուցաբերել ոսկու արժեքին: Դրա արդյունքում դեղին մետաղի գները նվազեցին՝ հասնելով նոր երկու շաբաթական նվազագույնի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1705,73 ԱՄՆ դոլարի:

Ողջ առևտրային շաբաթվա ընթացքում ներդրողների ուշադրության կենտրոնում է մնացել ԱՄՆ-ի, այսպես կոչված, «բյուջետային ճեղքվածքը», որը կարող է իր հետևից հարկերի ավտոմատ բարձրացում և ծախսերի կրճատում բերել արդեն 2013թ.-ի սկզբին:Համաձայնության հասնելու ունակության վերաբերյալ քաղաքական առաջնորդների մեկնաբանությունների հակասությունը, ինչը թույլ կտա խուսափել աշխարհի խոշորագույն տնտեսության ռեցեսիայից, շուկայի մասնակիցներին դրդում  էին իրենց նախապատվությունը տալ ամերիկյան արժույթին: ԱՄՆ-ի գործազրկության և ՀՆԱ-ի վերաբերյալ հայտերի քանակով դրական մակրոտվյալների հրապարակումը նույնպես սահմանափակեց թանկարժեք մետաղի աճը: Արդյունքում` ոսկու գնանշումները նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում նվազեցին 2,10 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1713,28 ԱՄՆ դոլար:

Առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր է ոսկու արժեքի նվազման շարունակություն կամ կոնսոլիդացիա, քանի որ վերջերս օվկիանոսի մյուս կողմից ստացված բավականին ուժեղ տնտեսական տվյալները զգալիորեն ուժեղացրեցին ամերիկյան տնտեսության քանակական խթանման երրորդ փուլի տևողության վերաբերյալ ներդրողների տագնապները: Միաժամանակ ոսկու գրավչության նվազման հիմնական ռիսկերը նախկինի պես կելնեն ԱՄՆ-ից՝ հաշվի առնելով «բյուջետային ճեղքվածքի» բարձր սպառնալիքի առումով պահպանվող անորոշությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում որպես դեղին մետաղի աջակցման առանցքային մակարդակ հանդես կգա 1700,0 ԱՄՆ դոլար նշանակումը, դրա հաջող նվազման դեպքում, հնարավոր է շարունակվի մեկ տրոյական ունցիայի դիմաց 1672,0 ԱՄՆ դոլար նշանակման նվազումը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ներդրողների տրամադրության և թանկարժեք մետաղի դինամիկայի վրա էական ազդեցություն կարող է նաև ցուցաբերել ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացված մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան վիճակագրությունից պետք է ընդգծել Մատակարարումների կառավարման ինստիտուտի արտադրողական հատվածի համար գնումների վերաբերյալ մենեջերների ցուցիչի, ADP գործակալության նոր աշխատատեղերի քանակի և նոյեմբերին ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխման վերաբերյալ տվյալները: Սպասվում է, որ օվկիանոսի մյուս կողմից ստացված վիճակագրությունը կվկայի զբաղվածության շուկայի իրավիճակի փոքր-ինչ վատացման մասին և կթուլացնի ամերիկյան արժույթի դիրքերը, ինչի հետ կապված` թանկարժեք ակտիվը կարող է բարձրանալ: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում որպես դիմադրության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1735,0 ԱՄՆ դոլար նշանակումը:  Այն դեպքում, եթե տվյալները կանխատեսումներից առավել լավ գտնվեն, ոսկին կարող է նաև նվազել:

Եվրոպական նորություններից պետք է ընդգծել ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ-ի վերանայված տվյալները, ինչպես նաև տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ-ի հերթական նիստը և դրա նախագահ Մարիո Դրագիի ավանդական ասուլիսը, որոնք նախատեսված են հինգշաբթի՝ դեկտեմբերի 6-ին: Ըստ մեր գնահատականների՝ եվրոպական կարգավորիչը ոչ մի անակնկալ չի մատուցի դրամային քաղաքականության պայմանների փոփոխության վերաբերյալ: Սակայն եթե Դրագին կրկին մատնանշի եվրոպական տնտեսության առավել գորշ հեռանկարները և հավաստիացնի, որ կենտրոնական բանկը հակված է դրամավարկային քաղաքականության առավել մեղմ պայմանների, դա կարող է դրական ազդեցություն ունենալ ոսկու գնանշումների վրա: Եվրագոտուց ստացված թույլ տվյալները և տարածաշրջանի անկայուն տնտեսությունը նույնպես մատնանշում են, որ ԵԿԲ-ն շուտով հավանաբար ստիպված կլինի դրամային  քաղաքականության պայմանների մեղմացում իրականացնել:

Ընթացիկ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքն աճել է 2,58 տոկոսով՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,6185 ԱՄՆ դոլար: Ամեն դեպքում, առևտրային շաբաթվա սկզբին կարմիր մետաղի շուկայում առուվաճառքներն անհավասար են անցել` ԱՄՆ-ի բյուջեի վերաբերյալ Կոնգրեսի ներկայացուցիչների և Սպիտակ տան միջև շարունակվող բանակցությունների ֆոնին:

Պղնձի գնանշումներն առավել էական աճ են ցուցադրել հինգշաբթի և ուրբաթ, քանի որ օվկիանոսի մյուս կողմից ստացված ուժեղ մակրոտնտեսական վիճակագրությունն ամրապնդել է տնտեսական աճի հետ կապված ակտիվների պահանջարկը:  Իսկապես, ԱՄՆ տնտեսությունը երրորդ եռամսյակում գրեթե երեք տարվա ընթացքում աճեց ամենաարագ տեմպերով: Այսպես, ըստ նախնական տվյալների՝ ԱՄՆ ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճեց 2,7 տոկոսով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որտեղ նա հույս էր հայտնել, որ Սպիտակ տունը և Կոնգրեսը կկարողանան մինչև Ծննդյան տոները լուծել հարկաբյուջետային խնդիրները, նույնպես լավատեսություն է ավելացրել:

Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տվյալ ակտիվի նվազող  բորսային պաշարն ընթացիկ շաբաթ նույնպես նպաստել է կարմիր մետաղի գնանշումների աճին:

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան շատ բանով կախված կլինի ԱՄՆ-ից, եվրագոտուց և Չինաստանից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից: Սպասվում է, որ օվկիանոսի մյուս կողմից ստացված տնտեսական վիճակագրությունը կարող է իրավիճակի փոքր-ինչ վատացում ցուցաբերել և ամրապնդել ամերիկյան արժույթի դիրքերը, այդ կապակցությամբ կարմիր մետաղի գնանշումները կարող են նվազել: Բնականաբար, ուշադրության կենտրոնում են նաև ԱՄՆ-ի «բյուջետային ճեղքվածքի» վերաբերյալ բանակցությունները:

Սակայն եթե, չնայած կանխատեսումներին, ԱՄՆ-ի և Չինաստանի արտադրողական հատվածի PMI ցուցիչների տվյալները և ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի թվերը չափավոր դրական գտնվեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են շարունակել աճը: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում  կլինի նաև տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ հերթական նիստը, որի արդյունքները կարող են ոգևորել շուկայի մասնակիցներին՝ այդ կերպ պղնձի գնումներ հրահրելով:  Ընթացիկ շաբաթում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրելի միջակայքն է մեկ ֆունտ պղնձի դիմաց  3,52–3,70 ԱՄՆ դոլար:

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև