ԲՌԻԿՍ բանկի ստեղծման հարցը կլուծվի 2013 թվականին

03.12.2012 19:59
ԲՌԻԿՍ բանկի ստեղծման հարցը կլուծվի 2013 թվականին

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԲՌԻԿՍ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու Հարավաֆրիկյան հանրապետություն) ընդհանուր բանկի ստեղծման հարցը լուծում կստանա հաջորդ տարվա սկզբին, լրագրողներին է ասել Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը ռուս–չինական երկխոսությունից հետո։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՉԺՀ ֆինանսների նախարար Սե Սյույժենը, քննարկվել է ԲՌԻԿՍ և ՇՀԿ (Շանհայյան համագործակցության կազմակերպություն) բանկի ստեղծման հարցը, հաղորդում է Банки.ру–ն։

«Այդ բանկերը պետք է ենթակառուցվածքում ներդրումների ֆինանսավորման աղբյուր դառնան: Ներդրումային ակտիվության նվազման պայմաններում անհրաժեշտ է գործի դնել բոլոր ունեցած գործիքները», - Սիլուանովը բացատրել է նոր կազմակերպությունների նշանակությունը:

Հասկանալու համար, թե, արդյո՞ք, զարգացման բանկերը կկարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտ կլինի ֆինանսատնտեսական հիմնավորում ունենալ: «Եթե ֆինանսատնտեսական հիմնավորումը, որը մենք միասին դիտարկելու ենք, այնպիսին լինի, որ մենք տեսնենք լրացուցիչ ռեսուրսների հոսքը դեպի մեր երկրների տնտեսություն, ապա մենք կդիտարկենք այդ ինստիտուտների ստեղծումը»,- ասել է նա: Սիլուանովի խոսքով, նման հիմնավորումը պատրաստ կլինի 2013 թվականի առաջին եռամսյակում:

Զարգացող երկրների բանկի ստեղծման հավանականությունը քննարկվել է այս գարնանը Հնդկաստանում ԲՌԻԿՍ երկրների գագաթնաժողովին: Այդ ժամանակ Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի առաջնորդներն այդ գաղափարը հեռանկարային ճանաչեցին և ֆինանսների նախարարներին հանձնարարեցին մշակել այն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև