Հայաստանի պետբյուջեում առաջին անգամ արդյունաբերական հատվածի պաշտպանության իրական մեխանիզմներ են ընդգրկվել

07.12.2012 15:42
Հայաստանի պետբյուջեում առաջին անգամ արդյունաբերական հատվածի պաշտպանության իրական մեխանիզմներ են ընդգրկվել

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2013 թվականի պետբյուջեով առաջին անգամ նախատեսված է արդյունաբերության զարգացման պաշտպանության և խթանման իրական մեխանիզմների ներդրումը, կարծում է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին ընդունեց 2013 թվականի պետական բյուջեն: Կոնսոլիդացված բյուջեի եկամուտները ծրագրվում են 1 տրլն 32,7 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 152,5 մլրդ դրամ:

Սաֆարյանի խոսքով, 2013 թվականի պետբյուջեով նախատեսված են 300 մլն դրամի միջոցներ տնտեսության ծախսերի գծով տնտեսության զարգացմանը՝ արդյունաբերության պաշտպանության նպատակով: Նա հիշեցրեց, որ այդ միջոցներով կստեղծվի Արդյունաբերական հիմնադրամ:

Սաֆարյանը նշեց, որ Միությունը մտադիր է դիմել մասնավոր հատվածին, որ այն նույնպես իր ներդրումն ունենա պետության կողմից հատկացվող 300 մլն դրամի մեջ՝ դրանով իսկ նպաստելով Հիմնադրամի ամրապնդմանը:

Փորձագետն ընդգծեց, որ հիմնադրամը կօգնի զարգացնել բազմաթիվ ոլորտներ, մասնավորապես, թեթև արդյունաբերությունը, որը ներկայում անկման փուլում է:

«Իհարկե, ցանկալի է, որ պետբյուջեն ունենա ներդրումների կողմնորոշում, այլ ոչ թե սոցիալական ոլորտի կողմնորոշում, բայց, այնուամենայնիվ, փաստաթղթում Արդյունաբերական հիմնադրամի ստեղծման մասին դրույթների ընդգրկումն արդեն հեղափոխական է, քանի որ կոտրում են այն կարծրատիպերը, որ արդյունաբերությունը պետական աջակցության կարիք չունի: Սա առաջին քայլն է, և այստեղ կարևոր է ոչ այնքան հատկացվող գումարը, որքան գաղափարը»,- ասաց Սաֆարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Արդյունաբերական ոլորտի աջակցությանն ուղղված մեկ այլ կարևոր քայլ փորձագետն անվանեց Հայաստանում Արտահանման վարկավորման գործակալության ստեղծումը:

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հավանություն է տվել Հայաստանում Արտահանման վարկավորման գործակալության ստեղծման միջոցառումների ծրագրին:

Սաֆարյանը նշեց, որ Գործակալությունը կդառնա այն գործիքը, որը թույլ կտա կառավարությանն օժանդակություն ցուցաբերել բազմաթիվ արտահանողների:

«Արտահանման վարկավորման ապահովագրությունը գործնական որոշում է, որն ընդունվել է կառավարության՝ արտահանման օժանդակության ռազմավարության շրջանակներում»,- ասաց նա` ավելացնելով, որ Գործակալության վարկային պորտֆելը կկազմի մոտ 4 մլրդ դրամ:

Ծրագրվում է, որ զարգացման հաջորդ փուլում արտահանման վարկավորման համակարգը կդառնա ինքնաֆինանսավորվող և կգործի շուկայական սկզբունքներով:

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2012 թվականի ութ ամիսներին կազմել է մոտ 700 մլն դրամ:

Հայաստանի 2013 թվականի պետբյուջեով հարկային եկամուտների գծով մուտքերը նախատեսված են 993,08 մլրդ դրամի չափով, ինչը 118,7 մլրդ դրամով ավելի է, քան 2012 թվականի ծրագրված ցուցանիշը:

Պակասուրդը կկազմի 119,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 2,6 տոկոսը: Պակասուրդի ֆինանսավորումը նախատեսված է 119,7 մլրդ դրամի չափով՝ ինչպես զուտ ներքին, այնպես էլ արտաքին մուտքերի հաշվին՝ 55,1 և 64,6 մլրդ դրամ:

12-ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5% սահմաններում, իսկ ՀՆԱ աճը՝ 6,2 տոկոս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև