«Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի

07.12.2012 16:56
«Ամերիա» ընկերությունների խումբը Հայաստանում հիվանդ երեխաներին օգնելու համար ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 11-ին Հայաստանում արդեն ավանդույթ դարձած ամանորյա բարեգործական աճուրդ կկազմակերպի ուռուցքային, հեմատոլոգիական հիվանդություններ և իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին օգնելու համար, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Այս տարի միջոցառումն անցկացվում է «Գունավորենք մեր երեխաների երազանքները» կարգախոսով: Հավաքված միջոցները կուղղվեն «Նվիրիր կյանք», «Կօգնեմ» և «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում գրանցված 15 երեխաների բուժման ծախսերը վճարելուն: Նրանք ծանր հիվանդ երեխաներ են, որոնց ընտանիքներն ի վիճակի չեն վճարել բուժման համար»,-ասաց նա:

Ըստ Ջրբաշյանի՝ 2010թ.-ին առաջին անգամ անցկացված բարեգործական աճուրդի ընթացքում հավաքված միջոցներով  (19 մլն դրամ) օգնություն է ցուցաբերվել 10 երեխաների, որոնցից երկուսը բուժման համար արտերկիր են ուղարկվել, իսկ մնացածը Հայաստանում քիմիաթերապիայի կուրս են անցել:

«Արդյունքում վեց երեխա բուժվեց, մեկը շարունակում է բուժումը հեմատոլոգիայի ինստիտուտում: Ցավոք, երկու երեխայի մեզ չհաջողվեց փրկել: 2011թ.-ին մենք ակցիայի շրջանակներում ներառել են արդեն 16 երեխայի և շուրջ 21 մլն դրամ ենք հավաքել՝ մեր գործընկերների և հաճախորդների աջակցությամբ: Արդյունքում երկու երեխայի հաջողվեց բուժել»,- ավելացրեց նա:

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրենը հայտնեց նաև, որ բոլոր անձինք և կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել ակցիային և օգնել հիվանդ երեխաներին, կարող են միջոցներ փոխանցել Ամերիաբանկում բացված բարեգործական հաշվին 1570036910764400:

«Անտիկյան» պատկերասրահի տնօրեն Արմինե Անտիկյանը, որի հետ համատեղ կկազմակերպվի աճուրդը, իր հերթին տեղեկացրեց, որ արվեստի մեծանուն հայ գործիչներն ուրախությամբ են համաձայնել մասնակցել ակցիային և իրենց աշխատանքները նվիրել են պատկերասրահին, որոնք ներկայացվելու են աճուրդին:

Աճուրդին աշխատանքները ներկայացվող վարպետների թվում են՝ Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը, Արշակ Սարգսյանը, Ստեփան Վերանյանը, Սամվել Սաղաթելյանը, Արա Ալեքյանը, Սպարտակ Գևորգյանը, Զուլեյկա Բաժբեուկ- Մելիքյանը, Արմեն Գևորգյանը, Սահակ Պողոսյանը, Արարատ Սարգսյանը, Սամվել Չիբուխչյանը, Անատոլի Պապանյանը, Սարգիս Համալբաշյանը, Վահագն Համալբաշյանը, Լևոն Ազատյանը, Նորա Բադալյանը, Սերյոժա Վարդանյանը, Ռաֆայել Մեգալը:

1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը, որը խորհրդատվական ծառայությունների հայկական շուկայի առաջատար ընկերություններից մեկն է, առաջարկում է մասնագիտական ծառայություններ երեք հիմնական ուղղություններով՝ կառավարման, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն: Ընկերությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական և ռազմավարական խորհրդատու և գործընկեր հաճախորդների համար պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև Հայաստանում և Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպություններում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև