ՄԱՆԻՎԱԼ-ը Հայաստանում էական առաջընթաց է գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում

07.12.2012 18:58
ՄԱՆԻՎԱԼ-ը Հայաստանում էական առաջընթաց է գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 40-րդ լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման հերթական «Առաջընթացի հաշվետվությունը»:

Եվրախորհրդի փորձագետների փողերի լվացման դեմ պայքարի միջոցների գնահատման կոմիտեն (ՄԱՆԻՎԱԼ) ՖԱՏՖ-ի տիպի տարածաշրջանային խումբ է, որի խնդիրն է Եվրոպայի երկրներում փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավոմանը (ՓԼ/ԱՖ) հակազդելու բնագավառում միջազգային չափանիշների քաղաքականության տարածումը:

Ինչպես ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ՄԱՆԻՎԱԼ-ի հաստատված հաշվետվությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առումով էական առաջխաղացումներ են գրանցվել:

Հաստատված հաշվետվությունն արձանագրում է ոլորտում ՀՀ առաջընթացը, մասնավորապես, հետևյալ ուղղություններով՝

- Ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի նախագծերը, ընդունման դեպքում, ապահովելու են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում առկա իրավական բացերի կարգավորումը, մասնավորապես՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի, ինչպես նաև ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման հասկացությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

- Վճռաբեկ դատարանի կողմից 2011 թ.-ին ընդունված որոշումը հնարավոր է դարձնում փողերի լվացման հանցակազմով դատավճիռների կայացումը` առանց նախորդող հանցագործության համար նախկինում կամ միաժամանակյա դատավճռի անհրաժեշտության:
- Երկիրն արդյունավետորեն համակարգում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվությունների տրամադրումը, ինչպես նաև առաջընթաց է արձանագրել փողերի լվացման հանցակազմով գործերի քննության հարցում:

Հաշվետվությունում կարևոր առաջընթացների թվում հիշատակվում են նաև 2013-2015 թթ.-ի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ազգային ռազմավարության ընդունումը, հաշվետվություն տրամադրող անձանց, իրավապահ և վերահսկող մարմինների, ինչպես նաև ֆինանսական հետախուզության մարմնի համար կազմակերպված դասընթացների ուղղությամբ և համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ քայլերը:

Համաձայն հանձնախմբի ընթացակարգերի` երկիրը հաջորդ հաշվետվությունը կներկայացնի երկու տարի անց:
2006թ.-ից Հայաստանը ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ է և ակտիվորեն ներգրավված է փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համանման համակարգերի գնահատման գործընթացում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև