Ռուսաստանի բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է 8,25% մակարդակում

11.12.2012 13:47
Ռուսաստանի բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է 8,25% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8,25 տոկոս մակարդակում: Միաժամանակ, ֆիքսված պայմաններով ավանդային գործառնությունների դրույքաչափը դեկտեմբերի 11-ից ավելացել է 0,25 տոկոսային կետով՝ մինչև 4,5 տոկոս, իսկ «արտարժութային սվոփ» գործարքների ռուբլու հատվածի տոկոսադրույքը նվազեցվել է 0,25 տոկոսային կետով՝ մինչև 6,5 տոկոս:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի բանկի արտաքին և հանրային կապերի դեպարտամենտը, որոշումն ընդունվել է գնաճային ռիսկերի և տնտեսական աճի հեռանկարների գնահատման հիման վրա, հաղորդում է rbc.ru-ն:

«Այս որոշմամբ Ռուսաստանի բանկի լիկվիդայնության տրամադրման և աբսորբացման առանձին գործառնություններով իրագործվող տոկոսադրույքների մոտեցումը չեզոք է դրամավարկային քաղաքականության ուղղվածության տեսանկյունից: Այն պետք է նպաստի դրամային շուկայի տոկոսադրույքների փոփոխականության սահմանափակմանը և դրամավարկային քաղաքականության տրանսմիսիոն մեխանիզմի տոկոսային ուղու գործունության ուժեղացմանը»,- նշվում է Ռուսաստանի բանկի արտաքին և հանրային կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Հայտարարությունում ընդգծվում է, որ սպառողական գների աճի տարեկան տեմպը նոյեմբերին պահպանվել է 6,5 տոկոսանոց մակարդակում, բազային գնաճինը՝ 5,8 տոկոս մակարդակում, ապրանքների և ծառայությունների գներն ավելի կայունանում են:
«Հաշվի առնելով մակրոտնտեսական ներքին և արտաքին ընթացիկ միտումները՝ դրամային շուկայի դրույքաչափերի ձևավորվող մակարդակը դիտարկվում է որպես առաջիկայի համար ընդունելի: Ռուսաստանի բանկը կշարունակի գնաճային ռիսկերի մոնիթորինգը, ներառյալ` պարենամթերքի համաշխարհային գների, արտաքին տնտեսական դրության և ռուսական տնտեսության համար դրամավարկային պայմանների խստացման հետևանքների դինամիկան: Որոշումների ընդունման ժամանակ Ռուսաստանի բանկը կկողմնորոշվի գնաճային միջնաժամկետ նպատակներով և տնտեսական աճի հեռանկարների գնահատականով, ինչպես նաև գնաճային սպասումների դինամիկայով»,- նշվում է ՌԴ ԿԲ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Եվրոպայի կենտրոնական բանկը նույնպես չփոխեց հաշվառման տոկոսադրույքը՝ թողնելով այն 0,75 տոկոս մակարդակում, իսկ Անգլիայի բանկը բազային հաշվառման տոկոսադրույքը թողեց պատմության մեջ ամենացածր մակարդակում՝ տարեկան 0,5 տոկոս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև