Հայաստանի արժույթի շուկայում իրավիճակը կայունացել է. ԱՄՀ

11.12.2012 18:55
Հայաստանի արժույթի շուկայում իրավիճակը կայունացել է. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում իրավիճակը, 2012թ.-ի մայիս-հունիս ամիսների հայկական դրամի արժեզրկման ժամանակահատվածից հետո, կայունացել է Կենտրոնական բանկի ջանքերի շնորհիվ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:

Ըստ նրա՝ ԱՄՀ-ն դրական է համարում առաջին փուլում ազգային արժույթի արժեզրկման գործընթացին ԿԲ-ի չմիջամտելը, սակայն հասկանում է, որ կարգավորիչը չէր կարող թույլ տալ, որպեսզի այդ գործընթացները շուկայի ապակայունացման հանգեցնեն:

«Այդ պատճառով ԿԲ-ն սկսեց արժույթների վաճառք իրականացնել, որպեսզի նվազեցնի հայկական դրամի վրա ճնշումը: Այդ նպատակով միջազգային պահուստներ օգտագործվեցին, սակայն ավելի ուշ ԿԲ-ն հետ գնեց վաճառված արժույթի մի մասը»,- ասաց նա:

Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչը պարզաբանեց, որ դրամի արժեզրկման գործընթացը և դրան հաջորդող շուկայի գործընթացները պայմանավորված են մի շարք պատճառներով, մասնավորապես՝ արժույթի պահանջարկի բարձրացմամբ` հաշվի առնելով ուղիղ օտարերկրյա ներդրումների մակարդակի նվազումը։

«Իրավիճակի վրա նաև ազդեցություն է թողել Իրանից զբոսաշրջային հոսքերի նվազումը: Շուկայի վրա ազդեցություն ունեցավ նաև այն, որ նրա մասնակիցներից մի քանիսը նյարդայնացան և սկսեցին դոլար ձեռք բերել՝ ակնկալելով, որ դեռ ավելի կտրուկ արժեզրկում տեղի կունենա: Այդ խաղացողներից մի քանիսն ավելի ուշ ստիպված էին վաճառել ձեռք բերված արժույթը, և դրանով որոշակի գումար կորցրեցին»,- նշեց նա:

Տոլոսան ընդգծեց, որ 2012թ.-ի մայիս-հունիս ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի համար արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումներն արդեն անցյալում են: «Դա լավ դաս է, որը վկայում է այն մասին, որ ներկա համակարգի պայմաններում մեքենայությունները կարող են միայն կորուստների բերել»,- ամփոփեց նա:

Մայիսի սկզբից մինչև հուլիսի 19-ը հայկական արժույթը 19,8 կետով կամ շուրջ 5 տոկոսով (392,06-ից մինչև 411,89 դրամ) արժեզրկվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առավելագույն բարձր արժեքը գրանցվել է հուլիսի 4-ին, երբ միջին շուկայական փոխարժեքը եղել է մեկ ամերիկյան դոլարի դիմաց 418,66 դրամ։  2012թ.-ի երրորդ եռամսյակում հայկական դրամի փոխարժեքը միջինը կազմել է 410,66: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև