ԱՄՀ–ն գնահատել է Հայաստանի ֆինանսական համակարգը

15.01.2013 14:14
ԱՄՀ–ն գնահատել է Հայաստանի ֆինանսական համակարգը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ–ն մշակել է Հայաստանի ֆինանսական համակարգի հնարավոր դեֆոլտի երեք սցենար` Հայաստանի բանկային համակարգի լիկվիդայնության և վճարունակության սթրես–թեստի հիման վրա։ Նման կանխատեսման գնահատականները  (բազային սցենար, զուսպ սցենար և ծանր սցենար) տեղ են գտել ԱՄՀ կայքում հրապարակած «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության գնահատականը» զեկույցում։

Բազային սցենարի համաձայն, 2013 թվականին երկրի ֆինանսական համակարգի դեֆոլտի հավանականությունը կազմում է մոտ 2.4 տոկոս, իսկ 2016 թվականին այն կնվազի մինչև 2.1 տոկոս։

Զուսպ սցենարով վարկային ռիսկի չափումը 2013 թվականին դեֆոլտի հավանականությունը գնահատում է մոտ 4 տոկոս։ Հատկանշական է, որ, տվյալ սցենարի համաձայն, դեֆոլտի հավանականությունը երեք տարիների ընթացքում կմնա գրեթե անփոփոխ և կտատանվի 3-3.5 տոկոսի սահմաններում։

Միաժամանակ, ամենահոռետեսական` ծանր սցենարով, ԱՄՀ–ն 2013 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգի դեֆոլտի հավանականությունը գնահատում է 5.5 տոկոս` 2016 թվականին այս ցուցանիշի` մինչև 4 տոկոս նվազելու դեպքում։

Տվյալ սթրես–թեստերը հիմնված են երկրի բանկային համակարգի լիկվիդայնության և վճարունակության չափման վրա։ Միաժամանակ, լիկվիդայնության սթրես–թեստն ընդգրկում է այնպիսի հավանական իրադարձություններ, ինչպես «ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ավանդների արագ դուրսբերումը», «մայր բանկերի կողմից Հայաստանի մասնաճյուղերից ավանդների և վարկերի արագ դուրսբերումը» և այլն։

Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի վճարունակության սթրես–թեստում հաշվի են առնվում, մասնավորապես, այնպիսի հավանական զարգացումներ, ինչպես «որոշ գործոնների ազդեցությունը ՀՆԱ աճի, անվանական արժութային փոխարժեքի վրա» և այլն։ Հաշվի են առնվում նաև միաժամանակյա տարբեր շոկերի ազդեցությունները ֆինանսական համակարգի վրա։

Ինչպես նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2012 թվականի նոյեմբերի ամենամսյա բանբերում, ռեզիդենտների արտարժութային ավանդների հարաբերակցությունը փողի զանգվածի նկատմամբ կազմել է 45.2 տոկոս, իսկ արտարժութային ժամկետային ավանդների հարաբերակցությունը ժամկետային ավանդների ամբողջ ծավալի նկատմամբ կազմել է 73.7 տոկոս։

Միաժամանակ, ԱՄՆ–ում փետրվարին կանխատեսվող դեֆոլտի ֆոնին, եթե կոնգրեսը համաձայնության չհասնի պետպարտքի շեմի վերաբերյալ, առկա է դոլարի արժեզրկման հավանականություն, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի ֆինանսական համակարգի ապակայունացման։

ԱՄՆ–ի պետպարտքի շեմը ներկայում կազմում է 16.394 տրիլիոն դոլար, վերջին անգամ այն բարձրացել է 2012 թվականի հունվարի վերջին։ Երկիրը հաղթահարել է այդ շեմը 2012 թվականի դեկտեմբերի 31–ին, սակայն Ֆինանսների նախարարությունը պարտքի սպասարկման համար անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել։ Շեմի բարձրացման վերաբերյալ պայմանավորվածություններ վարչակազմը և կոնգրեսը պետք է ձեռք բերեն մինչև մարտի 1–ը, հակառակ դեպքում երկիրը չի կարողանա վճարել ըստ իր պարտավորությունների։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև