Եվրախորհրդարանը խստացրել է վարկանիշային գործակալությունների աշխատանքային կանոնները

16.01.2013 20:46
Եվրախորհրդարանը խստացրել է վարկանիշային գործակալությունների աշխատանքային կանոնները

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը չորեքշաբթի հաստատել է վարկանիշային գործակալությունների կարգավորումը խստացնող նոր կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն 2014 թվականից, հայտնում է Банки.ру–ի սեփական թղթակիցը Բրյուսելում։

Փաստաթուղթը մեկ տարի քննարկվել է։ Արդյունքում պատգամավորները քվեարկել են փոխզիջումային տարբերակի օգտին, որն ուղղված է շահերի բախման կանխմանը, ֆիրմաների և ընկերությունների վստահության վրա վարկային վարկանիշների ազդեցության կրճատմանը։

Վերջին ժամանակներում վարկանիշային գործակալությունները հաճախ են քննադատության ենթարկվում` ֆինանսական գործիքներին բարձրացված գնահատականներ տալու համար։ Դա դարձել է 2007-2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկը։ Վարկանիշների նվազումը եվրագոտու ինը երկրներում 2012 թվականի հունվարին հանգեցրեց շուկայական շահարկումների և եվրոյի արժեզրկման։

Այսուհետ իրադարձությունների նմանատիպ զարգացումը բացառելու համար ԵՄ պաշտոնյաները որոշեցին նվազեցնել վարկանիշային գործակալությունների դերը կառավարության վարկունակությունը որոշելիս։ Նոր կանոնները սահմանափակում են գործակալությունների` ըստ պետությունների սուվերեն վարկանիշների որոշումներ կայացնելու հնարավորությունները։ Այժմ դրանք կկարողանան գնահատել ԵՄ երկրների վարկունակությունը տարեկան ոչ ավելի, քան երեք անգամ։

Եվրահանձնաժողովի պատգամավորները հետաքրքրված են երեք խոշորագույն վարկանիշային գործակալություններով` Standard & Poor’s, Moody’s և Fitch, որոնց համախառն բաժնեմասը շուկայում գերազանցում է 95 տոկոսը, ինչը զգուշավորություն է առաջացնում է դրանց կազմած վարկանիշների արդարացիության վերաբերյալ։

Նոր փաստաթղթում ամրագրված են նաև պայմաններ, որոնց դեպքում ֆինանսական գործիքը պետք է գնահատվի առնվազն երկու վարկանիշային գործակալությունների կողմից` գնահատման զեկույցի հրապարակային ներկայացմամբ։ Իսկ «նեղացած» ներդրողներն այսուհետ իրավունք ունեն փոխհատուցում պահանջել գործակալություններից սխալ գնահատման համար։

Նախորդ տարվա աշնանը եվրոպական անկախ վարկանիշային գործակալություն ստեղծելու առաջարկը մերժվեց, քանի որ նախագիծը լուրջ ծախսեր կպահանջեր` 500 մլն եվրո հինգ տարվա աշխատանքի համար։

«Մենք բոլորս գիտենք, որ վարկանիշային գործակալությունները զգալի ավանդ ունեն ֆինանսական ճգնաժամում։ Գործիքները, որոնք մենք այսօր քննարկեցինք, մեր աննախադեպ պատասխանն է»,– ասել է միասնական շուկայի եվրահանձնակատար Միշել Բառնյեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև