ՀԲ լուրերի, բանկերի հաշվետվությունների ֆոնին ԱՄՆ բորսաները փակվել են տարբեր ուղղություններով

17.01.2013 12:47
ՀԲ լուրերի, բանկերի հաշվետվությունների ֆոնին ԱՄՆ բորսաները փակվել են տարբեր ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի միասնական դինամիկա չեն ցուցադրել Համաշխարհային բանկի` այս տարի երկրի տնտեսության աճի դանդաղման և ամերիկյան բանկերի ֆինանսական հաշվետվությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը նվազել է 0.17 տոկոսով և կազմել է 13511.23 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ն ավելացրել է 0.22 տոկոս և հասել է 3117.54 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն ավելացել է 0.02 տոկոսով` մինչև 1472.63 կետ։

Ներդրողներին ուրախացրել են Goldman Sachs և JP Morgan բանկերի արդյունքները։ Այսպես, Goldman Sachs ավելացրել է սովորական բաժնետոմսերի տերերին բաժին ընկնող զուտ շահույթը գրեթե երեք անգամ` մինչև 2.83 միլիարդ դոլար։ Մեկ սովորական բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 5.87 դոլար` մեկ տարի առաջ գրանցված 1.91 դոլարի դիմաց։ Հասույթն աճել է 53 տոկոսով` մինչև 9.23 միլիարդ դոլար։ Վերլուծաբաններն ակնկալում էին մեկ բաժնետոմսին 3.71 դոլարի շահույթ, իսկ հասույթը` մոտ 8 միլիարդ դոլարի մակարդակում։

JP Morgan–ի զուտ շահույթը նախորդ տարվա չորրորդ եռամսյակում աճել է 53 տոկոսով և կազմել է 5.7 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի համար 1.4 դոլար։ Վերլուծաբաններն ակնկալում էին 1.16 դոլարի ցուցանիշ։

Ներդրողների լավատեսությանը նպաստել է նաև չորեքշաբթի հրապարակած ԴՊՀ թարմացված Beige Book–ի ամփոփագիրը, որի համաձայն, դեկտեմբերին–հունվարի սկզբին ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի բոլոր 12 շրջանները տնտեսական ակտիվության աճ են ցուցադրել։ Ակտիվությունը վերականգնվել է Նյու Յորքում և Ֆիլադելֆիայում, որոնք տուժել էին «Սենդի» մրրիկից։

Միաժամանակ, առուվաճառքների վրա բացասաբար է ազդել Համաշխարհային բանկի կողմից ԱՄՆ ՀՆԱ–ի վերաբերյալ թարմացված կանխատեսումների հրապարակումը, որոնց համաձայն, կազմակերպությունն ակնկալում է աշխարհի խոշորագույն տնտեսության` 1.9-2.8 տոկոսի աճ 2013-2014 թվականներին։ Այս տարվա կանխատեսումը 0.5 տ.կ.–ով ցածր էր, քան 2012 թվականի հունիսին։

«Աճի կանխատեսումների նվազումը հիշեցնում է, որ մենք դեռ շատ անելիք ունենք։ ԱՄՆ–ում հաշվետվությունների սեզոնի մասին խոսելը դեռ վաղ է, բայց ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք նրանից, թե ինչ է արվել մինչ օրս։ Շուկաները վատ չեն սկսել տարին»,– Bloomberg գործակալությանը հայտնել է Charles Schwab շուկաների ուսումնասիրման տնօրեն Բրեդ Սորենսենը (Brad Sorensen)։

ԱՄՆ–ի գների աճի տեմպերը նոյեմբերի 1.8 տոկոսից դանդաղել են մինչև 1.7 տոկոս, իսկ ամսական արտահայտմամբ սպառողական գները նախորդ ամիս չեն փոխվել, մինչդեռ փորձագետները կանխատեսել են տարեկան կտրվածքով 1.8 տոկոսի գնաճի պահպանում։ Վիճակագրությունն ու սպասումները համընկել են ամսական հաշվարկով ։ Միաժամանակ, գնաճի ցուցանիշները ԱՄՆ ԴՊՀ–ի` 2 տոկոսանոց մակարդակում նշած նպատակային ցուցանիշից ցածր են։

Կանխատեսումների հետ համընկել է ԱՄՆ–ի արդյունաբերական արտադրության ծավալի վիճակագրությունը, որը նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ավելացել է 0.3 տոկոսով, միաժամանակ նոյեմբերի աճի գնահատականը վերանայվել է դեպի նվազում` 1.1 տոկոսից մինչև 1 տոկոս։ Չորրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրությունը երկրում ավելացել է 1 տոկոսով։

DJIA (Dow Jones Industrial Average) —30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշ:

S&P 500 (Standard and Poor’s 500 Index) —շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչ:

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation) — բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչ. -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև