Փորձագետներ. Իսպանիան, Հունաստանը և Պորտուգալիան 2013թ.–ին ճգնաժամի կոշտ հետևանքներին կբախվեն

17.01.2013 17:21
Փորձագետներ. Իսպանիան, Հունաստանը և Պորտուգալիան 2013թ.–ին ճգնաժամի կոշտ հետևանքներին կբախվեն

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Իսպանիան, Հունաստանը և Պորտուգալիան 2013թ.–ին կբախվեն ճգնաժամի առավել կոշտ հետևանքներին, քան ենթադրվում էր նախկինում, իսկ ահա Իռլանդիայի տնտեսության աճի հեռանկարները բավականին լավն են եվրագոտու մնացած 17 երկրների շրջանում, գրում է banki.ru–ն։

Ինչպես հաղորդում է «Բանկի.ռու»–ի թղթակիցը Բրյուսելում, Reuters գործակալության կողմից անցկացված 50 տնտեսագետների հարցումը ցույց է տալիս, որ Հարավային Եվրոպայի երկրների տնտեսությունը փրկելուն ուղղված միջոցների խստությունն ավելի խորը ռեցեսիայի հանգեցրեց, քան նախկինում էր կանխատեսվում։ Գործազրկությունը հետագայում նույնպես կաճի, իսկ բյուջետային սրբագրումները բավականին դանդաղ կփոխվեն նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում։

Գործակալությունը 2011թ.–ից հարցում է անցկացնում տնտեսագետների շրջանում, և Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի վերաբերյալ կանխատեսումները գրեթե ամեն եռամսյակ վատանում են։ Հարցման արդյունքների համաձայն` այդ երկրները ռեցեսիայից դուրս կգան 2014թ.–ից ոչ շուտ, սակայն աճի տեմպերն այնքան դանդաղ կլինեն, որ «ճգնաժամի հետևանքները վերացնելու համար անբավարար» կգտնվեն։

Իսպանիայի պակասուրդը կնվազի` 2013թ.–ի վերջին կազմելով ՀՆԱ–ի  6,1 տոկոսը, այլ ոչ թե` 6 տոկոս, ինչպես կանխատեսում էր Եվրամիությունը։ Իսպանիայի տնտեսության անկումը չի գերազանցի 2013թ.–ի ՀՆԱ–ի 1,5 տոկոսը։ «Ինդիկատորներն աճի բացակայություն են ցույց տալիս, դա էլ անհանգստության առիթ է հանդիսանում»,– ասել է Intermoney ընկերության իսպանացի բրոքերը։

Հունաստանի վերաբերյալ տնտեսագետները կանխատեսում են, որ երկրի տնտեսության աճի բացասական տեմպերը կկազմեն ՀՆԱ–ի շուրջ 4,3 տոկոսը` 3 տոկոս կանխատեսման համեմատ։ Գործազրկությունը 2013թ.–ին կհասնի գրեթե 27 տոկոսի։ Այդուհանդերձ, ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ Հունաստանի ռեցեսիան աստիճանաբար թուլանում է; Ըստ տնտեսագետների` արտահանման բնագավառում և հատկապես զբոսաշրջության ոլորտում լավ միտումներ են նկատվում, ինչը երկրին լրացուցիչ աջակցություն կցուցաբերի։

Պորտուգալական տնտեսության համար վերլուծաբանները ՀՆԱ–ի 1,7 տոկոսանոց կրճատում են կանխատեսում` 2012թ.–ի հոկտեմբերին գրանցված ՀՆԱ–ի 1,5 տոկոսի համեմատ։ Պորտուգալիայի տնտեսական իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, քանի որ նախկինի նման աճում է գործազրկությունը, փոփոխվել են արտահանման զարգացման պայմանները։ Բացի այդ, բնակչության մեծ քանակը տուժեց հարկաբյուջետային քաղաքականության խստացումից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև