Անելիք Բանկը հայտարարում է Հայաստանում «Հասանելի» նոր բանկային գործիքի ներդրման մասին

18.01.2013 16:55
Անելիք Բանկը հայտարարում է  Հայաստանում «Հասանելի» նոր բանկային գործիքի ներդրման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը հայտարարում է  Հայաստանում «Հասանելի» նոր բանկային գործիքի ներդրման մասին։

Բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` այսուհետ հաճախորդները, տվյալ բանկային գործիքով ներդնելով իրենց դրամական միջոցներն «Անելիք Բանկում», կստանան ոչ միայն տարեկան մինչև 12,5 % տոկոսադրույքով (ՀՀ դրամի դեպքում) և 8,5 % (ԱՄՆ դոլարի դեպքում) կայուն եկամուտ, այլև` դրան զուգահեռ ներդրված դրամական միջոցների 95%-ի չափով վարկային գիծ`  սկսած 2,8%  ավել տոկոսադրույքով (ՀՀ դրամի դեպքում 15,3 %, ԱՄՆ դոլարի դեպքում 11,9%   տոկոսադրույքով):

«Տվյալ գործիքի առավելությունների թվում է 15 օրվա արտոնյալ ժամանակահատվածը,  որի ընթացքում  հաճախորդները կարող են  գումարը վերադարձնելիս տոկոսագումար չվճարել»,– հայտնել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վերլուծութունների և ռիսկերի գնահատման վարչության պետ Արթուր Համբարձումյանը

Բացի այդ, ըստ Համբարձումյանի` բանկի ցանկացած ավանդատու կկարողանա օգտվել տվյալ գործիքից առանց որևիցե կորստի. սահմանված է, որ ավանդային պայմանագիրը խզելով` հաճախորդը ստանում է համապատասխան ավանդատեսակներով սահմանված իրեն հասանելիք բոլոր տոկոսադրույքները։

«Բանկի ավանդատուները նույնպես կցանկանան օգտվել տվյալ բանկային գործիքից, քանի որ «Հասանելի» տարբերակով ներդրված դրամական միջոցների եկամտաբերությունն ավելին է, քան «Անելիք Բանկ»-ի ցանկացած ավանդատեսակով սահմանված եկամտաբերությունը»,– նշել է նա։

Համբարձումյանն ավելացրել է, որ տվյալ բանկային գործիքի կարգախոսը լավագույնս արտահայտում է «Հասանելի» բանկային գործիքի բուն էությունը` «Թույլ տվեք, որ Ձեր գումարն աշխատի Ձեզ համար  և լինի միշտ հասանելի Ձեր գրպանում»։
«Կարծում եմ այն բավական լայն արձագանք կստանա հաճախորդների շրջանում»,– ընդգծել է նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև