Հայաստանի նախագահը բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի մակարդակը բարձրացնելու խնդիր է դնում

21.01.2013 14:56
Հայաստանի նախագահը բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի մակարդակը բարձրացնելու խնդիր է դնում

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի մակարդակը բարձրացնելու խնդիր է դնում։

«Բարելավելով մեր տնտեսությունը, մեր բիզնես միջավայրը, որպեսզի մեկ շնչին ընկնող համախառն արդյունքը մեծանա, որպեսզի մեր եկամուտների միակ աղբյուրը` հարկերը, կարողանան մեզ հնարավորություն տալ, որ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ նաեւ բոլոր պաշտոնյաներին գոնե վճարել այնքան, որպեսզի այդ աշխատավարձը բավարար լինի ծայրը ծայրին հասցնել ընտանիքում»,– Ազատություն Ռադիոյի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Սարգսյանը։

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի խնդրի մասին, նախագահը նշել է, որ հասարակության անդամները պետք է հասկանան, որ այդ գործի հաջողությունն իրենց ակտիվությունից է կախված։

Նա ավելացրել է, որ իշխանությունները ցանկանում են հասնել մի հանգրվանի, որտեղ անկախ նրանից, թե մարդը ինչ պաշտոն ունի, եթե խախտում է կատարում, ապա պետք է ձերբակալվի:

«Ես մշտապես մտածում եմ՝ ինչպե՞ս անենք, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները, հասարակության լայն շերտերը հասկանան, որ երկրում տիրող իրավիճակը նաև իրենցից է կախված: Շատ-շատերին թվում է, որ եթե նախագահը ցանկանա, այ՝ այս բանը հենց վաղը կլինի: Նրանք շատ լավ չեն պատկերացնում, որ ճիշտ, ժամանակին որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ: Եվ եթե այդ պայմանները չկան, ապա նույնիսկ քո ամենաճիշտ որոշումը կարող է հակառակ արդյունքը տալ: Մենք ունենք այդպիսի օրինակներ մեր տարածաշրջանում, մեր երկրում: Բայց խնդիրը այստեղ օրինակ բերելը չէ, խնդիրը նրանում է, որ մենք` բոլորս միասին, մեզանից կախված ամեն ինչ անենք, որպեսզի այդպիսի պայմաններ ստեղծենք»,– ասել է նախագահը։

Միաժամանակ նա նշել է պետական պաշտոնյաներին լրացուցիչ սոցիալական երաշխիքներ տալու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանան իրենց պարտականությունները կատարել հավուր պատշաճի:

«Ավելի վտանգավոր մարդ, քան հոգնած, կոշտ, կոպիտ, անգրագետ պաշտոնյան է, չկա: Նրանք մեծ վնաս են հասցնում եւ առաջին հերթին իշխանություններին են այդ վնասը հասցնում: Դա իշխանությունների հեղինակությունների հարց է, նույնիսկ եթե այդ պաշտոնյան անկուսակցական է կամ էլ այլ կուսակցության անդամ»,– ասել է Սարգսյանը։

Հայաստանում 2011թ.–ին բնակչության մեկ շնչին ընկնող  ՀՆԱ–ն կազմել է 3101,8 ԱՄՆ դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև