Արդշինինվեստբանկը ֆինանսավորել է John Deere ապրանքանիշի գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծումը Հայաստան

21.01.2013 18:15
Արդշինինվեստբանկը ֆինանսավորել է John Deere ապրանքանիշի գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. «Արդշինինվեստբանկ»–ն ՓԲԸ իր հաճախորդների արտաքին առևտրային գործունեությունը ողջ ծավալով ապահովելու նպատակով տրամադրում է բանկային ծառայությունների լայն ընտրանի` իրականացնելով միջազգային հաշվարկներ փաստաթղթային ակրեդիտիվների և երաշխիքային գործառնությունների կիրառմամբ:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, 2012թ. դեկտեմբերին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ ֆինանսավորել է գյուղատնտեսական և ճանապարհաշինարարական տեխնիկայի առաջատար համաշխարհային  արտադրող` John Deere (Ջոն Դիր) ապրանքանիշի գյուղատնտեսական տեխնիկայի առաջին խմբաքանակի ներմուծումը Հայաստան:

Ֆինանսավորումը իրականացվել է փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով` գերմանական Euler Hermes Deutschland AG արտահանման ապահովագրական գործակալության ծածկույթով, գերմանական Landesbank Baden-Wurttemberg (LBBW) բանկից մինչև 5 տարի ժամկետով նպատակային ֆինանսական միջոցների ներգրավմամբ: Գյուղատնտեսական տեխնիկայի առաքումները կավարտվեն մինչև 2013թ, գարուն, իսկ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1.4 մլն. եվրո:
Վերոհիշյալ նախագծի իրականացման ընթացքում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ սերտորեն համագործակցել է «ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ`  Հայաստանում Ջոն Դիր ընկերության պաշտոնական ներկայացուցչի հետ: «ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ հանդես է եկել որպես բանակցային գործընթացի համակարգող և անմիջական մասնակցություն է ունեցել նախագծի հետագա իրականացման ընթացքում:
Ներմուծվող գյուղատնտեսական տեխնիկան առանձնանում է բարձր արտադրողականությամբ և տրամադրվում է Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին` արդյունավետ զարգացող գյուղարտադրողներին, երկարաժամկետ լիզինգի պայմաններով:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ից նշում են, որ ընկերությունը բարձր է գնահատում Հայաստանում գյուղատնտեսության զարգացման պոտենցիալը և նմանատիպ նախագծերի ֆինանսավորման միջոցով նպաստում է միջին բիզնեսի զարգացմանը այս ոլորտում:

Ընկերությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1837 թվականին։ Այսօր Deere & Company հանդիսանում է ամենահաջողակ մեքենաշինական ընկերություններից մեկը և գյուղատնտեսական և ճանապարհաշինարարական տեխնիկայի խոշորագույն արտադրողը աշխարհում: John Deere ընկերությունը ներառված է Thomson Reuters գործակալության կողմից կազմված` 100 առաջատար գլոբալ ինովացիոն ընկերությունների 2012թ. ցանկում:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ.–ի փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև