Մետաղի շուկա. մետաղները կարմիր գոտում են` ներդրողների զուսպ ակտիվության ֆոնին

29.01.2013 12:22
Մետաղի շուկա. մետաղները կարմիր գոտում են` ներդրողների զուսպ ակտիվության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ առևտրային շաբաթվա սկզբում ոսկու գնանշումները սակարկում էին որոշակի միջակայքում` այդպես էլ չհաղթահարելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1700 ԱՄՆ դոլարի հոգեբանական մակարդակը, ինչը պայմանավորված էր շուկայի  մասնակիցների զուսպ ակտիվությամբ, ինչպես նաև` հստակ առևտրային կողմնորոշիչների բացակայությամբ։

ԱՄՆ–ի շուկաները փակ էին Մարտին Լյութեր Քինգի օրվա տոնակատարության պատճառով, հիմնական արժութային զույգի տատանողականությունը նույնպես լավատեսություն չէր ավելացնում։ Հարկ է նշել, որ ոչ Հնդկաստանի կողմից ոսկու հարկերի բարձրացումը, ոչ էլ դրամավարկային քաղաքականության մեղացման նոր քայլերի մասին Ճապոնիայի բանկի հաղորդումը շուկայում բուռն արձագանք չեն առաջացրել։

Իրավիճակը փոխվել է շաբաթվա վերջին, երբ ԱՄՆ–ի աշխատաշուկայի սպասվածից ավելի դրական տվյալները հանգեցրեցին ոսկու գնի կտրուկ անկման։ Այդ վիճակագրությունը ստվեր գցեց ամերիկյան կարգավորիչի կողմից ԱՄՆ տնտեսության խթանման քայլերի հեռանկարների վրա։ Համաշխարհային խոշորագույն տնտեսության արտադրական հատվածի մատակարարման վերաբերյալ մենեջերների ցուցիչի տվյալները հավելյալ ճնշում գործադրեցին այդ ակտիվի վրա։ Արդյունքում նախորդ շաբաթ դեղին մետաղի գինը նվազեց 1.75 տոկոսով` տրոյական մեկ ունցիայի դիմաց հասնելով մինչև 1658.84 դոլարի։

Առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակվեն մի շարք մակրոտնտեսական առանցքային տվյալներ, նախևառաջ, ԱՄՆ–ից, որոնք ընդունակ են էական ազդեցություն գործել ներդրողների տրամադրությունների և թանկարժեք ակտիվի գնանշումների վրա։ Այդ լուրերի շարքում հարկ է առանձնացնել  Մատակարարումների վարչության ինստիտուտից PMI գնումների մենեջերների ցուցիչների տվյալների հրապարակումը, ADP գործակալությունից նոր աշխատատեղերի թիվը, հունվարին ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխությունը, ինչպես նաև ԱՄՆ ՀՆԱ–ի` նախորդ տարվա չորրորդ եռամսյակի նախնական տվյալները։

Բացի այդ, շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ ԴՊՀ հիմնական տոկոսադրույքի հերթական երկօրյա նիստը։ Մեր գնահատականներով, ներդրողները, հավանաբար, զգուշություն կդրսևորեն առաջիկա շաբաթվա ընթացքում և հետագա կողմնորոշիչներ կփնտրեն ամերիկյան կարգավորիչի` դրամավարկային քաղաքականության հեռանկարների վերաբերյալ որոշման մեջ։ Միաժամանակ, ԱՄՆ–ից սպասվող զուսպ դրական վիճակագրությունը կարող է դրական տրամադրություններ ստեղծել ֆոնդային հարթակներում, և որոշակի ճնշում գործադրել ամերիկյան արժույթի վրա, ինչի կապակցությամբ թանկարժեք մետաղի գնանշումները կարող են բարձրանալ։ Հաջորդ շաբաթ ոսկու համար դիմադրության մակարդակ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1686.50 ցուցանիշը։

Այնուամենայնիվ, ԱՄՆ–ի` չափից ավելի լավատեսական տվյալները կարող են նոր մտահոգություններ առաջացնել ԴՊՀ–ի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման վերաբերյալ, ինչի հետևանքով ոսկու գինը կարող է նվազել։ Ոսկու համար առաջիկա հինգ առևտրային օրերին որպես պաշտպանություն  կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1628.50 ցուցանիշը։

Տեխնիկական վերլուծության տեսանկյունից ոսկու կարճաժամկետ հեռանկարները որոշակիորեն վատացել են` հաշվի առնելով, որ այդ ակտիվի գնանշումները շաբաթն ավարտել են ունցիայի դիմաց 1662.70 ԱՄՆ դոլար տեխնիկական պաշտպանության մակարդակից ցածր ցուցանիշով։ Այդ պատճառով կարծում ենք, որ այս ակտիվը նվազման շարունակության համար տեղ ունի։ Թեև մենք չենք բացառում, որ ոսկու գնանշումները որոշակի փոփոխություն կկրեն նախորդ շաբաթվա կտրուկ նվազումից հետո, ինչպես նաև որոշ հաշվի առնելով այն, որ որոշ ներդրողներ հավանաբար կհավասարեցնեն իրենց պորտֆելները։

Նախորդ շաբաթվա ընթացքում ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազել է 0,71 տոկոսով՝ մեկ ֆունտ պղնձի դիմաց կազմելով 3,6555 ԱՄՆ դոլար:

Դրա պատճառը շաբաթվա վերջում կայուն նվազող միտումն էր` ԱՄՆ–ի առաջնային բնակշուկայի թույլ տվյալների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի տնտեսության ռեցեսիայի հատկանիշների ֆոնին։ Տվյալ ակտիվների ֆիզիկական գնումներն առաջվա պես զուսպ են մնում, ամենայն հավանականությամբ, արտացոլելով շուկայի մասնակիցների զգույշ դիրքորոշումը Չինաստանում ըստ լուսնային օրացույցի Նոր տարվա նախաշեմին, որը կտոնվի փետրվարի սկզբներին։

Այնուամենայնիվ, հաշվետու ժամանակահատվածի մեծ մասը կարմիր մետաղի գնանշումներն օգտվում էին զուսպ պահանջարկից եվրագոտու, ԱՄՆ–ի և Չինաստանի մակրոտնտեսական ֆոնի բարելավման պատճառով։ Այս ակտիվի մի փոքր նվազած բորսայական պաշարը Լոնդոնի մետաղների բորսայում այս շաբաթ նույնպես օգնեց կարմիր մետաղի գնանշումներին։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան մեծ մասամբ պայմանավորված կլինի ԱՄՆ–ից ստացված վիճակագրությամբ, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայով։ Սպասվում է, որ այդ վիճակագրությունը կլինի չափավոր դրական: Եթե այդ կանխատեսումներն իրականանան, և ԱՄՆ-ի ՀՆԱ-ի և ոչ գյուղատնտեսական հատվածում նոր աշխատատեղերի քանակի վերաբերյալ հունվարյան տվյալները բարենպաստ լինեն, գունավոր մետաղները, այդ թվում պղինձը, կարող են շարունակել աճը:

Սակայն եթե այդ վիճակագրությունը չարդարացնի հույսերը, իսկ ամերիկյան կարգավորիչը հիասթափեցնի ներդրողներին, պղինձի գինը կարող է նաև էժանանալ: Ընթացիկ շաբաթվա համար ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրելի միջակայքն է մեկ ֆունտ պղնձի դիմաց  3,60 – 3, 70 ԱՄՆ դոլար:–0–

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև