Ուոլ–սթրիթի ցուցիչներն առավելապես աճում են ընկերությունների հաշվետվությունների հիման վրա

30.01.2013 11:42
Ուոլ–սթրիթի ցուցիչներն առավելապես աճում են ընկերությունների հաշվետվությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երեքշաբթի առավելապես ավելանում են մի շարք ընկերությունների ֆինանսական արդյունքների հրապարակումներից հետո, վկայում են բորսայի տվյալները, գրում է Փրայմը։

Ժամը 19.27–ի դրությամբ (մոսկովյան ժամանակով) Dow Jones արդյունաբերական ցուցիչն ավելացել է 0,25 տոկոսով և հասել 13916,83 կետի։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 0,38 տոկոսով և կազմել 3142,48 կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն ամրապնդվել է 0,11 տոկոսով և կազմել 1501,90 կետ։

Ford Motor Co. ավտոմոբիլային կոնցեռնը տեղեկացրել է նախորդ տարվա և չորրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների մասին։ Մեկ տարվա ընթացքում զուտ շահույթը նվազել է գրեթե չորս անգամ` դառնալով 5,66 մլրդ դոլար` 2011թ.–ի 20,2 մլրդ դոլարի համեմատ, իսկ մեկ եռամսյակում նվազել է ավելի քան 8 անգամ` դառնալով 1,6 մլրդ դոլար` 13,6 մլրդ դոլարի համեմատ։

Մեկ բաժնետոմսի շահույթը կազմել է 0,4 դոլար` 2011թ.–ի հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին նվազելով 3,4 դոլարով։ Այդուհանդերձ, ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների սպասումները` 0,26 դոլար մակարդակում։

Pfizer դեղագործական ընկերության զուտ շահույթը, ընդհակառակը, մեկ եռամսյակում ավելացել է ավելի քան 4 անգամ` հասնելով 6,31 մլրդ դոլարի` 2011թ.–ի հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին գրանցված 1,44 մլրդ դոլարի դիմաց, իսկ մեկ սովորական բաժնետոմսի վերահաշվարկը կազմել է 0,86 դոլար` 0,19 դոլարի դիմաց։ Վերլուծաբաններն այն 0,44 դոլար մակարդակում էին ակնկալում։

Միաժամանակ ցուցիչների աճը սահմանափակում է մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ըստ Conference Board վերլուծական ընկերության տվյալների` ԱՄՆ–ի տնտեսության նկատմամբ սպառողների վստահության ցուցիչը նվազել է` վերանայված 66,7 կետ դեկտեմբերյան ցուցանիշից դառնալով 58,6 կետ։

«Անորոշությունը շարունակում է բացասաբար ազդել սպառողների և նրանց վստահության աստիճանի վրա»,– կարծում է Regions Financial Corp. –ի գլխավոր տնտեսագետ Ռիչարդ Մուդին  (Richard F. Moody), որի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև