Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2012թ.–ին գերազանցել են 2 տրլն դրամը. ՀԲՄ

31.01.2013 17:24
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2012թ.–ին գերազանցել են 2 տրլն դրամը. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2012թ.–ին ավելացել են 368,5 մլրդ դրամով կամ 18 տոկոսով և կազմել 2,412 տրլն դրամ, տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը։
Նա նշեց, որ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2012թ.–ին, 2011թ.–ի համեմատ, աճել է  38,8 մլրդ դրամով կամ 10,5 տոկոսով և հասել 409,5 մլրդ դրամի։

«Կապիտալի աճը պայմանավորված է ինչպես բանկերի կանոնադրական կապիտալի ավելացմամբ, այնպես էլ շահույթի ցուցանիշներով»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նա` նշելով, որ Հայաստանի բանկային համակարգի շահույթն անցյալ տարվա վերջին կազմել է 42,7 մլրդ դրամ` 15 տոկոսանոց աճի դեպքում։
Ըստ ՀԲՄ–ի նախագահի` հայկական բանկերի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 19,7 տոկոսով կամ 329,6 մլրդ դրամով և կազմել 2,002 տրլն դրամ։

«Շատ կարևոր ցուցանիշ է համարվում 2012թ.–ին հաճախորդների նկատմամբ պարտավորությունների 17,9 տոկոսանոց կամ 187,9 մլրդ դրամի չափով աճը, որը տարեվերջին կազմել է 1,238 տրլն դրամ»,– ասաց նա։

Միաժամանակ Օսիպյանը նշեց, որ հայկական բանկերի կողմից հատկացված վարկերի և փոխառությունների ծավալները նույնպես ավելացել են 21 տոկոսով կամ 264,3 մլրդ դրամով` հաղթահարելով 1,5 տրլն դրամ շեմը։

«Մենք տևական աճ ենք գրանցում բոլոր ուղղություններով` առաջին հերթին ավելացել են առևտրի, ծառայությունների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտների վարկավորման ծավալները»,– ավելացրեց նա։

Ըստ ՀԲՄ–ի ղեկավարի` ավանդների ծավալները 2012թ.–ին կազմել են 1,132 մլրդ դրամ` ավելանալով 78,2 մլրդ դրամով կամ 7,4 տոկոսով` նախորդ տարվա համեմատ։

«Ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների` բանկերը 2012թ.–ին շուրջ 25,8 մլրդ դրամ գումարի չափով հարկ են վճարել` 2011թ.–ին գրանցված 21,65 մլրդ դրամի դիմաց։ Միաժամանակ, եթե  2011թ.–ին Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցուցակում ընդգրկվել էին ինը առևտրային բանկեր, ապա 2012թ.–ին` արդեն 11»,– պարզաբանեց նա։

ՀԲՄ–ի ղեկավարն ընդգծեց նաև, որ առաջընթաց է գրանցվել երկու կարևորագույն ցուցանիշներով` ակտիվների և կապիտալի վերադարձելիությամբ։ Այսպես, առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության ցուցանիշը (ROA) հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2 տոկոս (2011թ.–ին`2,36%), իսկ կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE) ` 11,2 տոկոս (2011թ.–ին`12,55%)։

Ըստ նրա` դրական ցուցանիշ է համարվում նաև ՀՆԱ–ի նկատմամբ ակտիվների հարաբերակցության աճը, որը 2012թ.–ի վերջին կազմել էր 58,1 տոկոս` 2011թ.–ի 54,2 տոկոսի դիմաց։ «2008թ.–ից տվյալ ցուցանիշը բարելավվել է երկու անգամ, և մենք հավասարվել ենք տարածաշրջանի երկրներին»,– նշեց նա։

Ըստ Օսիպյանի` ՀՆԱ–ի նկատմամբ վարկային ներդրումների հարաբերակցությունը կազմել է 36,8 տոկոս, ՀՆԱ–ի նկատմամբ ընդհանուր կապիտալի հարաբերակցությունը` 9,9 տոկոս, իսկ ՀՆԱ–ի նկատմամբ ավանդներինը` 27,3 տոկոս։

Բանկերի միության նախագահն ավելացրեց նաև, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ` 494 մասնաճյուղով։ Երկրում բանկային մասնաճյուղերի քանակը 2012թ.–ի վերջին ավելացել է 6 տոկոսով (28–ով), ինչը պայմանավորված է երկրում բանկային ծառայությունների աճող պահանջարկով։ ($1 – 407,32 դրամ է). –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև