ՀԲ–ն Հայաստանին 60 մլն դոլարի վարկ կտրամադրի առողջապահության և ոռոգման ոլորտի համար

01.02.2013 15:19
ՀԲ–ն Հայաստանին 60 մլն դոլարի վարկ կտրամադրի առողջապահության և ոռոգման ոլորտի համար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մինչև ֆինանսական տարվա ավարտը (2013 թվականի հունիս) Համաշխարհային բանկից 35 մլն դոլարի վարկային միջոցներ կստանա առողջապահության ոլորտի նախագծի իրագործման, ինչպես նաև 22-30 մլն դոլար` ոռոգման համակարգերի վերականգնման համար, հայտնեց ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին։

«Առաջին նախագիծը վերաբերվում է առողջապահության ոլորտին, երկրորդը` ոռոգման։ Առայժմ մենք չենք կարող մանրամասներ հաղորդել, քանի որ նախագծերը մշակման փուլում են»,– երեքշաբթի ասել է նա լրագրողներին` Հայաստանի հետ ՀԲ–ի համագործակցության 20–ամյակին նվիրված ընդունելության ժամանակ։

ՀԲ–ի հայկական գրասենյակի ղեկավարը հայտնեց նաև, որ երրորդ ֆինանսական եռամսյակում ուժի մեջ կմտնի Հայաստանի` 2014-*2017 թվականների օժանդակության ծրագիրը, որը կդառնա հանրապետության կառավարության հետ ՀԲ–ի հետագա համագործակցության ուղղությունը որոշող հիմնական փաստաթուղթը։

«Հայաստանի հետ համագործակցության ռազմավարությունը և ֆինանսական օգնության ծավալները կարող են քննարկվել և համաձայնեցվել կառավարության հետ երկրի ռազմավարության համատեքստում»,– նշեց նա։

Ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը Հափին հայտնել էր, որ միջոցների մոտավոր ծավալը Հայաստանի օժանդակության ռազմավարության շրջանակներում 2014-2017 թվականներին կարող է կազմել 150 մլն դոլար։

Հայաստանի հետ համագործակցության 20 տարիների ընթացքում ՀԲ–ն 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 57 ծրագրի իրականացման համար ներդրումներ է տրամադրել: Համաշխարհային ճգնաժամից հետո 2009 թվականին Հայաստանի հետ մշակած գործընկերության ռազմավարության ժամկետը լրանում է 2013 թվականի կեսերին։ Համաշխարհային բանկի կողմից կառավարության օժանդակության ծրագրի շրջանակներում նախատեսված հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 640,6 մլն դոլար (IDA/IBRD)։

Ներկայում ՀԲ–ի ֆինանսական միջոցներով Հայաստանում իրագործվում է 14 ծրագիր։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև