«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ–ն 2013թ.–ին 3 մլրդ դրամի չափով վարկեր կհատկացնի

05.02.2013 16:19
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ–ն 2013թ.–ին 3 մլրդ դրամի չափով վարկեր կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ՈՒՎԿ) 2013թ.–ին Հայաստանի փոքր և միջին բիզնեսի  սուբյեկտներին 3 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով վարկեր կհատկացնի, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ՈՒՎԿ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

Խոսելով 2013թ.–ի ծրագրերի մասին` Բադալյանը նշեց, որ կազմակերպությունը կշարունակի վարկային ծրագրեր իրականացնել և ՓՄՁ–ի համար ֆինանսավորման նոր գործիքներ առաջարկել։

Ըստ նրա` վարկերը հատկացվում են ազգային արժույթով, ինչը թույլ է տալիս նվազեցնել արտադրողների արժութային ռիսկերը, 5 տարի մարման ժամկետով` 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան միջինը 11 տոկոս դրույքով։

2012թ.–ին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ–ն շուրջ 3,6 մլրդ դրամի չափով վարկեր է հատկացրել։ Հատկացված վարկերի չափը տատանվում է մեկից մինչև 15 մլն դրամի սահմաններում։

Կազմակերպությունը ֆինանսավորում է այն ծրագրերը, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտադրության ընդլայնմանը, արտահանմանը միտված արտադրության կարգավորմանը, արտադրողական գործընթացներում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև տեղական հումքեր և պաշարներ է օգտագործում։

Ընդհանուր առմամբ 3,5 տարվա ընթացքում «ՓՄՁ ներդրումները» Հայաստանի փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին 100 վարկ է հատկացրել` 6,5 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով։

Վարկավորման արդյունքում կազմակերպությանը հաջողվեց ոչ միայն պահպանել փոքր և միջին բիզնեսի առկա աշխատատեղերը, այլ նաև 250 աշխատատեղով ավելացնել դրանց քանակը։ Ֆինանսավորող ծրագրերի ամբողջական իրականացման արդյունքում նախատեսվում է ևս 200 աշխատատեղի աճ։

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն կազմավորվել է ՀՀ Կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի թիվ 717-Ա որոշմամբ սահմանված` տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակներում: Ի սկզբանե կազմակերպությունը ֆինանսավորում էր երկրի վարչապետին առընթեր Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի օժանդակության օպերատիվ շտաբի կողմից հավանության արժանացած բիզնես–ծրագրեր։ Հետագայում կազմակերպությունը սկսել է ինքնուրույն ծրագրերում ներգրավել ՓՄՁ սուբյեկտներ, որոնք ֆինանսավորման կարիք ունեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև