Իտալիայի ընտրությունների շուրջ մտավախությունների պատճառով եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ

07.02.2013 11:48
Իտալիայի ընտրությունների շուրջ մտավախությունների պատճառով եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իտալիայում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած կոալիցիայի նկատմամբ համակրանքն աճել է։ Հարցումների արդյունքներից հետո չորեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին եվրոյի փոխարժեքը նվազել է դոլարի նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նստաշրջանի ավարտին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազել է` նախորդ փակման ժամանակ մեկ եվրոյի դիմաց 1,3582 դոլարի փոխարեն կազմելով 1,3523 դոլար։ Մեկ իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը գրեթե չի փոխվել և կազմել է 93,64 իեն` նախորդ առուվաճառքների ավարտին գրանցված մեկ դոլարի դիմաց 93,65 իենի փոխարեն։ ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարն ամրապնդվել է` երեքշաբթի գրանցված  79,50 կետից հասնելով 79,72 կետի։

Աջ–կենտրոնամետ կոալիցիան գլխավորող Բեռլուսկոնին նախորդ կիրակի խոստացավ, որ փետրվարի 24–25–ը կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում իտալացիներին կվերադարձնի 2012թ.–ին նրանց վճարած հարկը (IMU) անշարժ գույքի դիմաց ։  SkyTG24 հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցումը ցույց տվեց, որ Բեռլուսկոնին ընդամենը 3,7 կետով է կրճատել իր և դեմոկրատների առաջնորդ Փիեռ Լուիջի Բերսանի (Pier Luigi Bersani) տարբերությունը, այն դեպքում, երբ վիճակագրական սխալմունքը կազմում է 4 կետ։ Դեռ հունվարին Բերսանիի առաջընթացը 14 կետ էր կազմում։

«Եվրոն արձագանքում է Իտալիայի քաղաքական իրավիճակին վերաբերող նորություններին»,– կարծում է Nomura Holdings–ի ռազմավար Շառլ Սեն Առնոն (Charles St-Arnaud), որի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Եվրոպական արժույթի դինամիկայի վրա ազդել է Գերմանիայից ստացված ոչ միանշանակ մակրոտնտեսական վիճակագրությունը։ Երկրի արդյունաբերական պատվերները դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել են 0,8 տոկոսով, սակայն 1,8 տոկոսով նվազել են տարեկան կտրվածքով։ Վերլուծաբանները 0,7 տոկոսանոց աճ և 1,2 տոկոսանոց նվազում էին կանխատեսել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև