ՀՀ նախագահի թեկնածու Բագրատյանն առաջարկում է կիսով չափ նվազեցնել գյուղատնտեսական վարկերի դրույքները

07.02.2013 12:46
ՀՀ նախագահի թեկնածու Բագրատյանն առաջարկում է կիսով չափ նվազեցնել գյուղատնտեսական վարկերի դրույքները

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ընտրվելու դեպքում մտադիր է կիսով չափ նվազեցնել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները։

Թեկնածուի նախընտրական ծրագրի համաձայն, պետք է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսական վարկավորման խնդրի համալիր լուծման ուղղությամբ, քանի որ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում դրա ծավալները չափազանց քիչ են։

«2011թ.–ին տրված գյուղատնտեսական վարկերի ծավալը կազմել է 74,6 մլրդ դրամ, ինչը կազմում է հայկական բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 5,5 տոկոսը։ 2010թ.–ին այդ ցուցանիշը կազմում էր 55 մլրդ (6,2%)։ Այն դեպքում, երբ 2010թ.–ին գյուղատնտեսությանը բաժին է հասել ՀՆԱ–ի 18,1 տոկոսը»,– նշված է թեկնածուի ծրագրում։

Ըստ Բագրատյանի, գյուղատնտեսության ոլորտն ըստ բանկերի վարկային պորտֆելում ունեցած մասնաբաժնի, վեցերորդ տեղում է` արդյունաբերության, շինարարության, առևտրի, սպառողական և հիփոթեքային վարկավորումից հետո։

«Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների, 2013թ.–ին գյուղատնտեսական վարկավորման ծավալը կաճի մինչև 95 մլրդ դրամ, սակայն բանկերի վարկային պորտֆելում գյուղատնտեսությունը կգտնվի արդեն 7–րդ տեղում` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի շուրջ 5 տոկոսը»,– կարծում է թեկնածուն։

Ըստ նրա, գյուղատնտեսական վարկավորման տեսակարար կշիռն ավելացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է հրաժարվել ունիվերսալ բանկային համակարգից և անցնել մասնագիտացված համակարգի։

Բացի այդ, առաջարկվում է սառեցնել մինչև 2013թ.–ի մարտը տրված բոլոր վարկերի տոկոսադրույքները` գյուղացիներին պարտավորեցնելով մարել միայն հիմնական վարկը, իսկ տոկոսների պարտքերի մարումը դնել կառավարության վրա։

Կառավարության որոշմամբ` 2011թ.–ի ապրիլի 1–ից հայ գյուղացիներին արտոնյալ գյուղատնտեսական վարկեր են հատկացվում տարեկան 14 տոկոս դրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ Վարկերը հատկացվում են հայկական դրամով, վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ ($1 – 406,03 դրամ է)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև