Մետաղների շուկա. ոսկու գինը հավանաբար կնվազի

11.02.2013 13:52
Մետաղների շուկա. ոսկու գինը հավանաբար կնվազի

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Անցյալ շաբաթվա սկզբից ոսկու գնշանումները սակարկվեցին բարձրացմամբ` զուգորդվելով ռիսկերի նկատմամբ ներդրողների հակվածության նվազելու հետ` հաշվի առնելով ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված հակասող տնտեսական տվյալները, ինչպես նաև եվրագոտու ֆինանսական և քաղաքական դրության շուրջ վերսկսված մտավախությունները։ Միաժամանակ շաբաթվա կեսին դեղին մետաղի գինը զգալիորեն աճեց` հասնելով իր նոր երշաբաթյա առավելագույնին` մեկ տրոյական ունցիայի դիմաց 1685,22 ԱՄՆ դոլար։

Այդուհանդերձ, շաբաթվա կարևորագույն իրադարձությունների ամենահարուստ օրը հինգշաբթին էր, երբ ամերիկյան առևտրային նստաշրջանի ընթացքում փոփոխականության նոր ալիքի ականատեսը դարձանք։ Իրոք, առուվաճառքի սկզբում թանկարժեք մետաղին հաջողվեց բարձրանալ` ստանալով ԱՄՆ–ի գործազրկության առաջնային հայտերի քանակի սպասվածից ավելի թույլ մակրոտվյալների աջակցությունը։ Սակայն շուտով այդ ակտիվի գնանշումները կրկին ճնշման տակ հայտնվեցին` ամերիկյան արժույթի կտրուկ ամրապնդման ֆոնին։ ԱՄՆ դոլարն աճեց եվրոպական կարգավորիչի նախագահ Դրագիի խոսքերի հիման վրա, որ տնտեսական ակտիվության և գնային կայունության համար դրական ռիսկերն ավելացել են` հաշվի առնելով եվրոյի բարձր մակարդակները։

Շաբաթվա վերջին ոսկու գնանշումները շարունակեցին ճնշման տակ մնալ` կորցնելով նախկինում ձերք բերած դիրքերը` ԱՄՆ–ի և Չինաստանի դրական արտաքին առևտրային տվյալների, ինչպես նաև ԵՄ առաջնորդների կողմից  2014–2020թթ. բյուջեի համաձայնագրի ձեռք բերման մասին նորությունների ֆոնին։ Արդյունքում` փոփոխական առուվաճառքի ընթացքում նախորդ շաբաթ ոսկու արժեքը բարձրացավ 0,09 տոկոսով` հասնելով մեկ տրոյական ունցիայի  դիմաց 1668,45 ԱՄՆ դոլարի։

Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի գնանշումները հավանաբար կսակարկվեն նվազումով` հաշվի առնելով աշխարհի մակրոտնտեսական ֆոնի որոշակի բարելավումներն ու ռիսկի նկատմամբ ներդրողների հակվածության ամրապնդումները։ Սակայն, մենք նաև չենք բացառում հանգիստ առուվաճառքների պայմաններում դեղին մետաղի գնանշումների համախմբան հնարավորությունները, քանի որ Չինաստանի շուկաները փակ կլինեն լուսնային օրացույցով (փետրվարի 10–17) Նոր տարվա տոնի կապակցությամբ։ Իսպանիայի և Իտալիայի շուրջ չդադարող խնդիրները ևս թույլ չեն տա ներդրողներին թուլանալ։ Ներդրողների համար որպես հիմնական առևտրային ուղղություններից մեկը առաջիկա շաբաթ կծառայի Մադրիդում խորհրդարան այցից հետո ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի ելույթը, ինչպես նաև Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոեի հետ նրա հանդիպումը։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա կարող է նաև ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացվելիք մակրոտնտեսական վիճակագրությունը։ Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել հունվարին մեծածախ առևտրի և արդյունաբերական արտարդության շրջանառության ծավալի տվյալների հրապարակման վրա, փետրվարին Միչիգանի համալարսանի վստահության ինդիկատորի նախնական թվերին, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստների ստացման առաջնային հայտերի քանակին։ Եվրոպական նորություններից պետք է առանձնացնել չորրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ–ի նախնական տվյալները, դեկտեմբերին առևտրային հաշվեկշռի թվերը, ինչպես նաև ԵԿԲ ամենամսյա հաշվետվության հրապարակումը։ Սպասումների համաձայն` օվկիանոսի մյուս կոմից չափավոր դրական վիճակագրությունը, ինպես նաև եվրագոտուց ստացված թույլ տվյալները ճնշում կգործադրեն դեղին մետաղի գնանշումներիվրա։

Տեխնիկական վերլուծության տեսանկյունից մետաղի գինը նախկինի նման փակված է մնում իր վերջին գնային միջակայքում, ինչը կարող է տևել մինչև փետրվարի վերջ կամ մարտի սկիզբ։ Այդ կապակցությամբ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1657,0 և 1652,0 ԱՄՆ դոլար աջակցման մակարդակների նկատմամբ ոսկու գնանշումների նվազման շարունակություն ենք ենթադրում։ Աջակցման նշված մակարդակների ձեռք բերումից եհտո մենք ակնկալում ենք, որ մետաղի գնանշումները հավանաբար կկարողանան վերսկսել իրենց կարճաժամկետ աճը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում դեղին մետաղի համար որպես դիմադրություն կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1677,0 ԱՄՆ դոլար նիշը։

Նախորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը նվազեց 0,67 տոկոսով` մեկ ֆունտ պղնձի դիմաց դառնալով 3,7575 ԱՄՆ դոլար։ Կարմիր մետաղը ողջ շաբաթվա ընթացքում, բացի ուրբաթ օրվանից, ցածր է վաճառվել` ամերիկյան արժույթի լայնածավալ ամրապնդման ֆոնին, ինչպես նաև հաշվի առնելով Եվրոպայի ֆինասնական կայունության վերաբերյալ վերսկսված մտավախությունները։ Բացի այդ, տվյալ ակտիվի գնանշումները որոշակի ճնշման ենթարկվեցին զգուշության կողմից, որը ցուցաբերեցին ներդրողները Չինաստանի հանգստայն օրերից առաջ։

Այդուհանդերձ, շաբաթվա ավարտին որոշակի լավատեսություն առաջացրեցին սպասվածից ավելի ուժեղ արտաքին առևտրի տվյալները և  Չինաստանի սպառողական գնաճի վերաբերյալ թվերը։ Միաժամանակ  Լոնդոնի մետաղների բորսայում բարձրացած տվյալ ակտիվի բորսային պաշարը նույնպես խոչընդոտեց կարմիր մետաղի գնանշումների աճին։

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի գնանշումները հավանաբար կհամախմբվեն ներդրողների սահմանափակ ակտիվության պայմաններում և Չինաստանի ամանորյա տոների պատճառով Ասիայի ֆիզիկական պահանջարկի պակասի ֆոնին։  Կարմիր մետաղի դինամիայի վրա կարող են նաև ազդել ԱՄՆ–ից և եվրագոտուց ստացված նորությունները։ Մասնավորապես` ԱՄՆ–ի արդյունաբերության վիճակագրությունը, ինչպես նաև չորրորդ եռամսյակում եվրագոտու ՀՆԱ–ի ծավալը։ Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը հավանաբար կվկայի իրավիճակի որոշակի վատացման մասին, որի կապակցությամբ պղնձի գնանշումները կարող են փոքր–ինչ նվազել։

Սակայն եթե, չնայած կանխատեսումներին, այդ երկրներից ստացված վիճակագրությունը սպասումներից ավելի լավը գտնվի, պղինձը կարող է նաև թանկանալ։ Պղնձի արժեքի տատանման ենթադրելի միջակայքը կլինի մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,70 – 3,80 ԱՄՆ դոլար։

Միքայել Վերդյան, FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post