Հայաստանի ֆինանսների նախարարությունը ՀԲ–ի հետ 45 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել

11.02.2013 18:03
Հայաստանի ֆինանսների նախարարությունը ՀԲ–ի հետ 45 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին այսօր ստորագրեցին վարկային համաձայնագիր, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 45 մլն դոլար փոխառություն կտրամադրի գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակներում։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, փոխառությունը տրամադրվում է 25 տարվա մարման ժամկետով, որից  10 տարին արտոնյալ, փոփոխվող տոկոսադրույքով (6-ամսյա LIBOR+փոփոխական սփռվածք (spread))` համաձայն ՎԶՄԲ-ի ստանդարտ պայմանների:

Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017թ. հունիսի 30-ը:

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» ծրագրի շրջանակներում  2009 թվականից Համաշխարհային բանկը հատկացրել է 101.6 մլն դոլար` 433 կիլոմետր գյուղական ճանապարհների վերականգնմանը։

Բացի այդ, մոտ 11 մլն դոլար էլ ծրագրի իրագործմանը մտադիր է հատկացնել Հայաստանի կառավարությունը։

Հայաստանի հետ համագործակցության ողջ ընթացքում 1992 թվականից Համաշխարհային բանկը 57 ծրագրերի համար 1.669.6 մլն գումարի վարկեր է տրամադրել։

Ներկայում ՀԲ–ի ֆինանսական միջոցներով Հայաստանում իրագործվում է 14 ծրագիր։ Դրանց թվում են` «Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում» (LRIP), «Համայնքային ջրամատակարարում (MWP) և «Համայնքային ջրամատակարարում ու ջրահեռացում (MWWP)», «Ոռոգիչ համակարգերի վերականգնման անհապաղ ծրագիր» (ESRP), «Երկրաջերմային էներգետիկայի ծրագիր» (GEP), «Էներգաարդյունավետության ծրագիր» (EEP), «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» (CARMAC)։

Այլ ծրագրերի թվում են` «ՓՄՁ ֆինանսական մատչելիության ծրագիր» (AFSME), «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» – III (ASIF), «Առողջապահության համակարգի արդիականացման երկրորդ ծրագիր»(HMP), «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիր» (JRP-II), «Պետհատվածի արդիականացման երկրորդ ծրագիր» (PSMP-II), «Կրթության որակն ու համապատասխանություն», «Սոցիալական պաշտպանության վարչարարություն», «Էլեկտրոնային հանրություն և նորարարություններ հանուն մրցունակության»։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև