«Բազել III»–ը սպառնում է Դանիայի տնտեսությանը

12.02.2013 12:51
«Բազել III»–ը սպառնում է Դանիայի տնտեսությանը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բազել III»–ի նորմերը սպառնում են Դանիայի տնտեսությանը։ Երկրի բանկերն այս պահին իրենց պահանջները բավարարում են կարճաժամկետ ֆինանսավորման միջոցով` հիփոթեքային պարտատոմսերի հաշվին, սակայն նոր պահանջները լիկվիդային ակտիվների ընդհանուր ծավալում դրանց մասնաբաժինը փոքրացնում են մինչև 15%։ Միաժամանակ հնարավոր է` սուվերեն պարտքի պատճառով բանկերի մոտ պակասի 36 մլրդ դոլար` լիկվիդայնության պակասուրդը ծածկելու համար, գրում է РБК dakly–ն։

Դանիայի հիփոթեքային պարտատոմսերի շուկայի ծավալը 600 մլրդ դոլար է գնահատվում։ Այն գոյություն ունի ավելի քան երկու դար և երբևէ զանգվածային դեֆոլտ չի տեսել, անգամ` վերջին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Դանիական հիփոթեքային պարտատոմսերն իրենց բարձր վարկանիշով հուսալի են այնքան, որքան երկրի պետական պարտավորությունները, նույնիսկ` շուկայական սթրեսի ժամանակահատվածում, ասվում է ազգային Կենտրոնական բանկի` վերջերս հրապարակած զեկույցում։

Միաժամանակ Դանիան ներկայացուցիչ չունի Բազելի` բանկային վերահսկողության կոմիտեում, այդ պատճառով էլ չկարողացավ ազդել հունվարյան որոշման վրա, որը վերաբերում էր բանկերի կողմից բոլոր լիկվիդային ակտիվների 15% հիփոթեքային պարտատոմսերի օգտագործման հնարավորությունը սահմանափակելուն։ Այժմ երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ բանկերը կսկսեն վաճառել հիփոթեքային բոնդերը, ինչը կհանգեցնի վարկերի տոկոսադրույքների աճի և բացասական ազդեցություն կունենա ողջ տնտեսության վրա։

«Բնակարանային ֆինանսավորման դանիական շուկան չափազանց էժան է, կայուն ու հուսալի։ Եվ մենք ամեն բան կանենք այն պաշտպանելու համար»,– Bloomberg գործակալությանն է ասել Դանիայի էկոնոմիկայի նախարար Մարգրետ Վեստագերը։ Նա կարծում է, որ բազելյան պահանջները, որոնք մշակվել էին դեռ 2009 թվականին` սուվերեն պարտքերի եվրոպական ճգնաժամից առաջ, թյուրիմացաբար առաջարկում են պետական պարտատոմսերը ոչ ռիսկային ակտիվ համարել։

2015 թվականից ուժի մեջ մտնող նոր նորմերը կարող են ևս մեկ խնդիր առաջացնել բանկերի համար։ Դանիան կրկնակի քիչ պետպարտք ունի, քան ԵՄ–ի երկրները, և դա կարող է հանգեցնել նրա, որ բանկերին չեն հերիքի շրջանառության մեջ եղած պետական պարտատոմսերը, որպեսզի դրանցով փոխարինեն հիփոթեքային բոնդերը։ Եվրոպայում այդպիսի արժեթղթերի ամենախոշոր թողարկիչ Nycredit–ն այդ պակասուրդը 36 մլրդ դոլար է գնահատում։ Արդյունքում` դանիական ֆինանսական կարգավորիչ FSA–ն արդեն հայտնել է բանկերին, որ կարող են անտեսել Բազելյան կոմիտեի նոր պահանջները։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև