ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումը 2012 թվականին ավելացել է 17,5%-ով` հասնելով 910 մլրդ դրամի

15.02.2013 14:10
ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումը 2012 թվականին ավելացել է 17,5%-ով` հասնելով 910 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ի արդյունքներով` ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 17,5 տոկոսով՝ հասնելով շուրջ 910 միլիարդ դրամի:

Բանկերի չորրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, 2012թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաճախորդներին տրամադրած վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 1 533,6 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1 266,5  միլիարդ դրամի դիմաց: Փաստորեն մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 59,34 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2012թ.-ի արդյունքներով` մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 12,7տոկոս: Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 78,9 տոկոսը կամ 115,8 միլիարդ դրամը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը:

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև HSBC-Հայաստան բանկը (107,2 միլիարդ դրամ), Հայբիզնեսբանկը (86,4 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (85,8 միլիարդ դրամ) և Արդշինինվեստբանկը  (69,6 միլիարդ դրամ):

Նշված բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 83,03%, 69,49%, 50,92% և 53,16%:

Միաժամանակ որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում մասնավոր հատվածին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես խոշոր ընկերությունների շրջանում վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրած վարկերի ընդհանուր պորտֆելից 93,8 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 22 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին, HSBC- բանկ Հայաստանի դեպքում 75,6 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 31,6 9 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Հայբիզնեսբանկի դեպքում 32,4 մլրդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, փոքր և միջին ձեռնարկություններին՝ 53,9 մլրդ դրամ, ՎՏԲ –Հայաստան Բանկի 42,5 մլրդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, փոքր և միջին ձեռնարկություններին՝ 43,2 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկի 48,8 մլրդ դրամը բաժին է հասել  խոշոր ձեռնարկություններին, փոքր և միջին ձեռնարկություններին՝ 19,7 մլրդ դրամ։

Հայաստանում դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև