15.02.2013 18:22
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց պարտքի մասնաբաժինը Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում 2012 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 32,13 տոկոս։
Բանկերի՝ չորրորդ եռամսյակի միջակյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ 2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները կազմել են մոտ 1 533,6 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը՝ ավելի քան 492,7 մլրդ դրամ (երրորդ եռամսյակի սկզբի 1473,4 մլրդ դրամի և 460,5 մլրդ դրամի դիմաց՝ համապատասխանաբար):
Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը 2012 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ մնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 16,2%: ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համախառն վարկային պորտֆելում 50,1 տոկոսը կամ 79,9 մլրդ դրամը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց վարկավորմանը։
Ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարներից են նաև ՎՏԲ Բանկ Հայաստանը (ավելի քան 64,8 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (44,9 մլրդ դրամ), Կոնվերսաբանկը (շուրջ 35,2 մլրդ դրամ), Հայբիզնեսբանկը (մոտ 34,2 մլրդ դրամ) և Յունիբանկը (շուրջ 34,1 մլրդ դրամ)։ Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 38,4% , 34,3%, 55,5%, 27,5% և 35,15։
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ։ ($1 – 406,55 դրամ է). -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: