Dow Jones ցուցիչը գերազանցել է պատմական առավելագույնը` տնտեսության աջակցման հույսերի շնորհիվ

06.03.2013 11:16
Dow Jones ցուցիչը գերազանցել է պատմական առավելագույնը` տնտեսության աջակցման հույսերի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երեքշաբթի առուվաճառքներն ավարտել են աճով. Dow Jones ցուցիչը գերազանցել է պատմական առավելագույնը` դրական վիճակագրության և ազգային տնտեսությունների խթանման համաշխարհային ծրագրերի շարունակման հույսերի ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը բարձրացել է 0,89 տոկոսով և կազմել է 14253,77 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ն ավելացել է 1,32 տոկոսով և հասել 3224,13 կետի։ S&P 500 լայն շուկայի ցուցիչն ավելացել է 0,96 տոկոսով` մինչև 1539,79 կետը։

Նախորդ ռեկորդը սահմանվել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախօրեին` 2007թ.–ի հոկտեմբերի 9–ին, երբ Dow Jones ցուցիչը բարձրացել էր մինչև 14164,53 կետը։

Երկուշաբթի ամերիկյան ցուցիչներն աճել են Դաշնային պահուստների միջոցով ամերիկյան տնտեսության խթանման միջոցների շարունակման հույսերի ֆոնին, որոնք ամրագրվել են ԱՄՆ ԴՊՀ փոխնախագահ Ջանեթ Յելենի (Janet Yellen)` Դաշնային պահուստի մեղմ արժութային քաղաքականության պահպանման աջակցման և ամսական շուկայից 85 մլրդ դոլարի չափով ակտիվների հետգնման մասին հայտարարություններով։

Ագրեսիվ արժութային թուլացմանը կողմ է հանդես գալիս նաև Ճապոնիայի Բանկի ղեկավարի պաշտոնի թեկնածու Խարուխիկո Կուրոդան և նրա հնարավոր տեղակալ Կիկուո Իվատան։ Ըստ նրանց` խթանման ծրագրի ավելացումը թույլ կտա հասնել 2 տոկոսանոց գնաճի նպատակային մակարդակին երկու տարուց ոչ ուշ։

Մատակարարումների կառավարման ամերիկյան ինստիտուտը տեղեկացրել է, որ ԱՄՆ ծառայությունների հատվածում գործնական ակտիվության ցուցիչն ընթացիկ տարվա փետրվարին ավելացել է` մինչև 56 տոկոս` հունվարյան 55,2 տոկոսի փոխարեն։ Միաժամանակ վերլուծաբաններն ընդհակառակն էին ակնկալում` մինչև 55 տոկոսի չափով ցուցանիշի նվազում։

Բացի այդ, ՉԺՀ պետական խորհրդի հեռացող վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարեց, որ Չինաստանի տնտեսության աճը 2013թ.–ին ակնկալվուիմ է 7,5 տոկոս մակարդակում, իսկ սպառողական գների աճը` շուրջ 3,5 տոկոսի սահմաններում։

DJIA–ն (Dow Jones Industrial Average) 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների փոխարժեքների շարժման միջին ցուցանիշն է:

NASDAQ–ը (National Association of Securities Dealers Automated Quotation) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցիչն է։
S&P 500–ն (Standard and Poor’s 500 Index) շուկայական կապիտալացման ցուցանիշով 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի ցուցիչն է:--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև