Հայաստան. արժույթի շուկան մարտի 4-ից 7–ն ընկած ժամանակահատվածում

11.03.2013 17:44
Հայաստան. արժույթի շուկան մարտի 4-ից 7–ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/.   ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսային արժութային հատվածում աճել է 0.01 տոկոսով` մինչև 410.47 դրամ։ Շաբաթվա առուվաճառքի ծավալը կազմել է 25.42 մլն ԱՄՆ դոլար, ինչը կրկնակի է, քան նախորդ շաբաթ։ Առուվաճառքի ծավալի այդպիսի կտրուկ աճը պայմանավորված է առևտրային շաբաթվա առաջին օրվա գործարքների թվով, քանի որ շուկայի որոշ մասնակիցներ, հնարավոր է, իրենց դիրքերը ֆիքսել են գների` բազմամսյա միջակայքի վերին շեմից բարձր աճի մակարդակում։

Կանխիկ դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.05 տոկոսով, և շաբաթ` մարտի 9–ին կազմել է 412.05 դրամ։ Հայաստանի արժութային շուկայի իրավիճակն առաջվա պես պայմանավորված է շուկայի չափավոր արժեզրկման տրամադրություններով, ինչպես նաև FOREX միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի աճով։

Առաջիկա շաբաթ ԱՄՆ դոլարն ունի ամրանալու բոլոր հիմքերը ներկրողների և բնակչության կողմից դոլարի պահպանվող պահանջարկի պայմաններում։ Կայուն միջակայքի վերին շեմից բարձր մակարդակի ամրագրումը նույնպես մատնանշում է ամերիկյան արժույթի վերընթաց դինամիկայի շարունակության հավանականությունը։ Սակայն հաշվի առնելով ազգային արժույթի փոխարժեքի պահպանման համար կարգավորիչի հնարավոր մուտքը շուկա` Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 410.0-415.0 դրամի միջակայքում։

Միաժամանակ, ԱՄՆ դոլարի աճին կնպաստի նաև ամերիկյան արժույթի գնման ծավալը բնակչության և բիզնեսի կողմից։ Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 18.173 մլն ԱՄՆ դոլար, ինչն ավելի քան երեքուկես անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ։

Եվրոյի արժեքը նախորդ շաբաթ Հայաստանում որոշվել է FOREX միջազգային արժութային շուկայում կատարվող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը նվազել է 0.18 տոկոսով` մինչև 1.2996։ Այնուամենայնիվ, շաբաթվա սկզբին միասնական եվրոպական արժույթը չափավոր պահանջարկ է ունեցել նրանից հետո, երբ եվրոպական կարգավորիչը որոշեց չնվազեցնել հաշվառման տոկոսադրույքը, ինչպես նաև անփոփոխ թողեց գնաճի վերաբերյալ իր կանխատեսումները։ Տարածաշրջանի տնտեսական աճի հեռանկարների գնահատականները ԵԿԲ–ի կողմից նույնպես չեն շտկվել։

Սակայն ԱՄՆ–ի զբաղվածության շուկայի հուսադրող լուրերը, որոնք հրապարակվել են շաբաթվա վերջին, արագ զրոյացրել են տիրող լավատեսությունը` դրանով իսկ ճնշելով եվրոյի գնանշումները։ Իսկապես, նոր աշխատատեղերի թիվն ԱՄՆ–ի ոչ գյուղատնտեսական հատվածում փետրվարին աճել են 236 հազարով կանխատեսվող 165 հազարի դիմաց, իսկ գործազրկության մակարդակը կազմել է 7.7 տոկոս` նախորդ ամսվա 7.9 տոկոսի դիմաց։ Այդ ֆոնին հիմնական արժութային զույգի գնանշումները զիջել են իրենց նախկին դիրքերը և շաբաթվա վերջին հասել են շաբաթվա նվազագույնին։ Դրա արդյունքում Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ նվազել է 0.10 տոկոսով` մինչև 538.41 դրամ։

Հաջորդ շաբաթ եվրոյի դինամիկան աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում կորոշվի ԱՄՆ–ի և եվրագոտու տնտեսական լուրերով։ Ամերիկյան վիճակագրությունից հարկ է առանձնացնել մանրածախ առևտրի, սպառողական գների ինդեքսի և փետրվարին արդյունաբերական արտադրության ծավալի տվյալները, մարտին Միչիգանի համալսարանից ստացված վստահության ինդիկատորի ցուցանիշները, ինչպես նաև նախորդ շաբաթ գործազրկության նպաստների առաջնային հայտերի թիվը։ Եվրոպական լուրերի շարքում ուշագրավ է փետրվարին սպառողական գնաճի թվերը, ինչպես նաև ԵԿԲ–ի ամենամսյա հաշվետվության հրապարակումը։ Ակնկալիքների համաձայն, ամերիկյան չափավոր դրական վիճակագրությունը, ինչպես նաև եվրագոտու թույլ տվյալները ճնշում կգործադրեն միասնական եվրոպական արժույթի վրա։

Սակայն եթե հակառակ կանխատեսումների, այդ սպասումները չարդարանան, ապա եվրոյի արշեքը կարող է բարձրանալ։ FOREX շուկայում եվրոյի գնանշումների տատանման ենթադրելի միջակայքը հաջորդ շաբաթ կարող է լինել 1,2800-1,3150–ի սահմանում։Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն այդ դեպքում կլինի 530-545 դրամի սահմաններում։

Ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ Հայաստանում իջել է 0.15 տոկոսով` մինչև 13.51 դրամ։ Դա պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ շաբաթվա վերջին` ամերիկյան զբաղվածության շուկայի դրական մակրոտվյալների ֆոնին։

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու արժեքը կախված կլինի ԱՄՆ–ի ելքային մակրոտնտեսական տվյալներից, ինչպես նաև նավթի գներից։ Նավթի` համեմատաբար կայուն գները, հավանաբար, կօժանդակեն ռուբլու գնանշումներին հաջորդ հինգ առևտրային նստաշրջաններում։ Սակայն եթե ամերիկյան տնտեսական վիճակագրությունը շատ լավատեսական լինի, ապա ռուբլին կարող է նաև թուլանալ։

Այդ կապակցությամբ, Հայաստանում  կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքն առաջին հինգ առևտրային նստաշրջաններում, հավանաբար, կլինի 13.45-13.58 դրամի սահմանում։

Միքայել Վերդյան, FOREX CLUB–ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև