Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի` աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը 2012 թ.–ին գերազանցել են 84 մլն դրամը

19.03.2013 11:46
Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի` աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը 2012 թ.–ին գերազանցել են 84 մլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի` աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը 2012 թվականին կազմել են ավելի քան 84 մլն ՀՀ դրամ, ինչը 2011 թվականի համեմատ շատ է 31.0%-ով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, աշխատակազմի սոցիալական ապահովության ծրագիրը գործում է 2010 թվականից, որի հիմնական նպատակներն են` անձնակազմի սոցիալական պաշտպանվածության աստիճանի բարձրացումը, առանցքային մասնագետների նշանակումը և աշխատակիցների մեջ վաղվա օրվա նկատմամբ վստահության ամրապնդումը:

«Բանկի աշխատակիցների սոցիալական ապահովության համակարգը նախատեսում է տարբեր տեսակի սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ, ինչպիսիք են`լրացուցիչ վճարովի արձակուրդների տրամադրում (ինչպես չնորմավորված աշխատանքային օրվա, այնպես էլ կենցաղային հարցերի լուծման համար), նյութական օգնություն` ամուսնության, հոբելյանի, երեխայի ծննդյան առթիվ, ինչպես նաև բազմազավակ ծնողներին և հաշմանդամ երեխաներ խնամող աշխատակիցներին, աշխատակցի բուժման (այդ թվում` արտասահմանում), ընտանիքի անդամի մահվան դեպքում»,– ասվում է հաղորդագրությունում։

Բանկի մամուլի ծառայությունը նշում է նաև, որ բանկն իր աշխատակիցներին տրամադրում է նաև հասցեական նյութական օգնություն ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում (դժբախտ պատահարի, գույքի կորստի, մոտ հարազատների բուժման և այլ դեպքերում): Բացի այդ, աշխատակցին վճարվում է նյութական օգնություն կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ, լրացուցիչ արձակման նպաստ, կենսաթոշակին անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվելու և այլ դեպքերում:

Բանկի այն աշխատակիցներին, ովքեր երեխայի խնամքի համար արձակուրդի մեջ են, մինչև երեխայի երեք տարին լրանալը վճարվում է ամենամսյա նպաստ: 2012 թվականի ընթացքում թվարկած հիմքերով հատկացվել է թվով 114 օգնություն: Բացի այդ, բանկի աշխատակիցներին ամենամյա հիմնական վճարովի արձակուրդի հետ տրամադրվում է նյութական օգնություն:

«2012թ-ին նշված նյութական օգնության այս տեսակից օգտվել է ավելի քան 380 աշխատակից»,– ասվում է հաղորդագրությունում։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին, որի 100% բաժնետերն է հանդիսանում խոշորագույն ռուսաստանյան բանկերից մեկը` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: 2012թ. տարեվերջի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցների թիվը կազմում էր 462 (Գլխամասային գրասենյակում` 196 և մասնաճյուղերում` 266 աշխատակից): Բանկն ունի 16 մասնաճյուղ, որից 7-ը` Երևանում և 9-ը` մարզերում:  -0-Ն.Ա.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25