Կիպրոսի իշխանությունները կպաշտպանեն օտարերկրյա ավանդները, խոստանում է երկրի ԿԲ–ն

21.03.2013 13:24
Կիպրոսի իշխանությունները կպաշտպանեն օտարերկրյա ավանդները, խոստանում է երկրի ԿԲ–ն

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսյան բանկերում օտարկերկրյա ավանդատուների դեպոզիտները պաշտպանված կլինեն, հայտարարել է Կիպրոսի Կենտրոնական բանկի փոխնախագահ Եվդոկիմոս Քսենոփոնտոսը նախագահ Նիկոս Անասատասիադիսի հետ խորհրդակցությունից հետո։ Նա լավատեսորեն է խոսել ապագայի մասին` չնայած ոչ բարենպաստ իրավիճակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կիպրոսյան լրատվական գործակալությանը։

«Մենք կարող ենք դա անել։ Եռյակը ստիպված կլինի հաշտվել։ Մենք պետք է զոհերի գնանք, և դա վերաբերում է կիպրոսցի ավանդատուներին։ Բայց մենք չենք կարող դա անել օտարերկրացի ավանդատուների հետ, ովքեր մեզ են վստահել իրենց փողերը։ Դա գողություն կլինի»,– ասել է ԿԲ ղեկավարի տեղակալը։

Չորեքշաբթի երեկոյան Mega գործակալությունը հայտնել է, որ եռյակի և Ռուսաստանի հետ անարդյունք բանակցություններից հետո Կիպրոսի կառավարությունը մտադիր է վերադառնալ ավանդների հարկի սկզբնական սցենարին։ Սակայն «կտրումը» կանդրադառնա միայն 100 հազար եվրոն գերազանցող գումարներին, և դրանց միանվագ հարկը նախկինում առաջարկած 9.9 տոկոսից պակաս կլինի։ Բացի այդ, նոր ծրագիրը նախատեսում է «լավ» և «վատ» բանկերի ստեղծումը։ «Լավ» բանկեր կտեղափոխվեն մինչև 100 հազար եվրոյի դեպոզիտներ և սպասարկվող վարկեր, իսկ վատը` 100 հազար եվրոյից բարձր դեպոզիտները և չսպասարկվող վարկերը։ Նպատակը` վեց ամիսների ընթացքում «վատ» բանկերի «առողջացումն» է։ Բացի այդ, ենթադրվում է 3 միլիարդ եվրո հավաքել ապահովագրական ֆոնդերից և վաճառել Կիպրոսի բանկային խմբի` մեծությամբ երկրորդ Cyprus Popular Bank–ը, որն աշխատում է Laiki ապրանքանիշի ներքո։ Բանկի վաճառքից իշխանությունները մտադիր են ունենալ 3 միլիարդ եվրոյի հասույթ, հայտնում է հեռուստաալիքը։

«Սկզբնական ծրագրին Կիպրոսը ստիպված է վերադառնալ եռյակի կողմից Բ ծրագրի շատ սառն ընդունելությունից հետո։ Օտարերկրացի վարկատոները շատ կոշտ դիրք են զբաղեցրել, հայտարարելով, որ Կիպրոսը պետք է կիրակի հաստատեր դեպոզիտների «կտրման» օրինագիծը... Միաժամանակ Կիպրոսի նկատմամբ սառն ընդունելություն է ցուցաբերել Մոսկվան... Ռուսաստանն անտարբերություն է ցուցաբերում համաձայնագրի նկատմամբ, Մոսկվան չի ցանկանում վատացնել հարաբերությունները Եվրոպայի հետ հանուն Կիպրոսի պես փոքր երկրի»,– հաղորդում է հեռուստաալիքը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև