Հայ ֆերմերները 2013թ.–ին շուրջ 15 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկեր կստանան. նախարարություն

22.03.2013 19:38
Հայ ֆերմերները 2013թ.–ին շուրջ 15 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկեր կստանան. նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ ֆերմերներին տրվող գյուղատնտեսական վարկերի չափը 2013թ.–ին կկազմի շուրջ 15 մլրդ դրամ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Կառավարության որոշմամբ` 2011թ.–ի ապրիլի 1–ից հայ գյուղացիներին արտոնյալ գյուղատնտեսական վարկեր են հատկացվում տարեկան 14 տոկոս դրույքով, որից 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ Վարկերը հատկացվում են հայկական դրամով, վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ։

«Կարծում եմ` ապրիլի կեսից արդեն կմեկնարկի մեր ֆերմերներին վարկային ռեսուրսների հանձնման գործընթացը»,– ասաց Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ հանրապետության 225 առավել անապահով համայնքներում այդ վարկերը կհատկացվեն 8% դրույքաչափով (միաժամանակ 6 տոկոսը սուբսիդավորում է պետությունը)։Ըստ նրա, գյուղատնտեսական վարկերի սպասարկումները կանցկացնեն չորս բանկեր։

Հայաստանի գյուղատնտեսական վարկավորման ընդհանուր պորտֆելի ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկնում ԱԿԲԱ–Կրեդիտ Ագրիկոլ Բանկին։ Բացի այդ, հանրապետությունում գյուղատնտեսական վարկերը հատկացնում են ՊրոԿրեդիտ Բանկը, Արդշինինվեստբանկը և Ամերիաբանկը։

Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ նախարարությունը նաև այլ աջակցություն է ցուցաբերում ֆերմերային տնտեսություններին։

Մասնավորապես, ըստ նրա, ավելացվել է տնտեսություններին հատկացվող ազոտական պարարտանյութերի և ամոնիակային սելիտրայի ծավալները։

«Եթե նախկինում պետական միջոցների հաշվին հնարավոր էր գնել 25 հազար տոննա ազոտական պարարտանյութ և ամոնիակային սելիտրա, ապա 2013թ.–ին արդեն` 31 300 տոննա»,– ասաց նա` միաժամանակ ավելացնելով, որ տվյալ պահին հանրապետության համայնքներում աշխատանքներ են իրականացվում մեկ պարկի դիմաց 6 հազար դրամ գնով պարարտանյութի տեղաբաշխման ուղղությամբ։

Ըստ նրա, օրերս Հայաստան է ներկրվել շուրջ 1 մլն 730 տոննա դիզելային վառելիք, որը մեկ լիտրի դիմաց 350 դրամ գնով արդեն հատկացվում է գյուղացիական տնտեսություններին։ ($1-ը 418.09 դրամ է).-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև