Կիպրոսի բոլոր բանկերը կվերսկսեն աշխատանքը հինգշաբթի

26.03.2013 11:40
Կիպրոսի բոլոր բանկերը կվերսկսեն աշխատանքը հինգշաբթի

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի` առանց բացառության բոլոր բանկերը կբացվեն հինգշաբթի` մարտի 28–ին, երեքշաբթի գիշերը հայտնեց Ասոշիեյթեդ Փրես գործակալությունը` հղում անելով Կիպրոսի Կենտրոնական բանկին։

Ավելի վաղ Կիպրոսի ԿԲ–ում եղած աղբյուրները հայտնել էին, որ այդ երկրի բանկերի մեծամասնությունն աշխատանքը կվերսկսի երեքշաբթի, իսկ Bank of Cyprus–ը և Popular Bank–ը փակ կմնան մինչև հինգշաբթի։ Գործակալության տեղեկացմամբ` որոշումը վերանայվել է երկրի ֆինանսների նախարարության կողմից երկուշաբթի երեկոյան տեղական ժամանակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կիպրոսի բանկերը ճգնաժամի պատճառով չեն աշխատում մարտի 15–ից։ Ավելի վաղ` երկուշաբթի, Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը հայտարարել էր, որ դրանց բացման ճշգրիտ ամսաթիվը կհամաձայնեցվի եվրոպացի գործընկերների հետ, բայց նպատակը դա հնարավորինս արագ իրականացնելն է։

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը երկուշաբթի գիշերը հանեց Կիպրոսի դեֆոլտի վտանգը` համաձայնության հասնելով Նիկոսիային 10 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության տրամադրելու ուղղությամբ։ Համաձայնագրի պայմաններով` ԿԻպրոսի` մեծությամբ երկրորդ բանկը` Laiki Bank–ը, կվերակազմավորվի։ Մինչև 100 հազար եվրոյի բոլոր դեպոզիտները, ինչպես նաև «լավ» վարկերը Laiki Bank–ից կանցնեն Bank of Cyprus։ 100 հազար եվրոյից ավելի դեպոզիտների հարկը Bank of Cyprus–ում կկազմի մոտ 30 տոկոս։ Մինչև 100 հազար եվրոյի ավանդները չեն տուժի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև