Bank of Cyprus–ի տնօրենների խորհուրդը չի ընդունել բանկի ղեկավարի հրաժարականը

27.03.2013 12:19
Bank of Cyprus–ի տնօրենների խորհուրդը չի ընդունել բանկի ղեկավարի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/.  Bank of Cyprus-ի տնօրենների խորհուրդը չի ընդունել այդ խոշորագույն կիպրոսյան բանկի ղեկավարի և տնօրենների խորհրդի չորս անդամների հրաժարականը, տեղեկացվում է վարկային կազմակերպության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Տնօրենների խորհուրդը չի ընդունել հրաժարականը։ Բանկի կանոնադրության համաձայն` դիմումները կընդունվեն միայն այն ժամանակ, եթե դրանք հետ չեն վերցվի մեկ շաբաթվա ընթացքում»,– ասվում է Bank of Cyprus–ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կիպրոսի բանկային համակարգի փրկության ծրագրերի հրապարակումից հետո Bank of Cyprus–ի ղեկավար Անդրեաս Արտեմիսը հրաժարական էր տվել, այնուհետև տեղեկացվեց Bank of Cyprus–ի հատուկ կառավարչի պաշտոնում Դինոս Քրիստոֆիդիսի (Dinos Christofides) նշանակման մասին։

Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը երկուշաբթի գիշերը հանեց Կիպրոսի դեֆոլտի վտանգը` համաձայնության հասնելով Նիկոսիային 10 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության տրամադրելու ուղղությամբ։ Համաձայնագրի պայմաններով` ԿԻպրոսի` մեծությամբ երկրորդ բանկը` Laiki Bank–ը, կվերակազմավորվի։ Մինչև 100 հազար եվրոյի բոլոր դեպոզիտները, ինչպես նաև «լավ» վարկերը Laiki Bank–ից կանցնեն Bank of Cyprus։ 100 հազար եվրոյից ավելի դեպոզիտների հարկը Bank of Cyprus–ում կկազմի մոտ 30 տոկոս։ Մինչև 100 հազար եվրոյի ավանդները չեն տուժի։

Ինչպես հայտնել է Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը, կիպրոսյան բանկերի այն ավանդատուները, ովքեր 100 հազար եվրո և ավելի ակտիվներ ունեն, կարող են ճգնաժամի պատճառով կորցնել դեպոզիտների 40 տոկոսը։ Խոշոր ավանդատուների բանկային դեպոզիտների շուրջ 40 տոկոսը կարող է փոխարինվել բանկային արժեթղթերով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև