ՀՀ ԿԲ նախկին նախագահ. Կիպրոսում հայերի փողերը քիչ են, հիմնականում կտուժեն ռուսները

28.03.2013 20:58
ՀՀ ԿԲ նախկին նախագահ. Կիպրոսում հայերի փողերը քիչ են, հիմնականում կտուժեն ռուսները

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը կարծում է, որ հայ քաղաքացիները չեն տուժի Կիպրոսում ստեղծված իրավիճակից։

«Կիպրոսում հայկական փողերը շատ քիչ են, և ԵՄ–ի գործողությունները կազդեն, նախևառաջ, Ռուսաստանի քաղաքացիների վրա»,– ասաց նա հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը։

Ասատրյանը նշեց, որ Կիպրոսի ԿԲ–ի տվյալներով` Կիպրոսում ռուսական խնայողությունների ընդհանուր ծավալը կարող է գերազանցել 30 մլրդ եվրոն։

Ըստ նրա` Կիպրոսի ներկայիս իրավիճակն այդ կղզի–պետության նկատմամբ Եվրոպայի նախազգուշական քայլերի արդյունքն է։

«Եվրոպան, ըստ էության, պատժում է Կիպրոսին նրա համար, որ, լինելով ԵՄ–ի անդամ, նա հարկային արտոնություններ է սահմանել և օֆշորային ռեժիմ է հայտարարել»,– ասաց Ասատրյանը` նշելով, որ գլոբալ առումով դա տնտեսական լուրջ խնդիր է։

Փորձագետի կարծիքով` Կիպրոսի բանկային ակտիվները գերազանցում են երկրի ՀՆԱ–ն մոտ 7 անգամ, և Եվրոպայում կարծում են, որ Կիպրոսը 700 հազար բնակչությամբ և այդպիսի տնտեսությամբ ի վիճակի չէ «այդպիսի ֆինանսական հատված ունենալ»։

«ԵՄ–ում Կիպրոսի նկատմամբ կանխարգելիչ միջոցներ մտցնելու մասին խոսակցություններն արդեն վաղուց կան, և Եվրոպայում կարծում են, որ եթե  ժամանակին մարդիկ օգտվում էին արտոնություններից և դեպոզիտներ էին բացում  Կիպրոսի բանկերում, ապա այժմ թող վճարեն սեփական միջոցներով ստեղծված իրավիճակի համար»,– ասաց նա։

Ասատրյանն ավելացրեց նաև, որ նման քայլերը դրությունից դուրս գալու լավագույն տարբերակը չեն, և կարելի էր ավելի հարմար լուծումներ գտնել, բայց լիակատար անգործության դեպքում կարող էր ֆինանսական շուկայի կոլապս առաջանալ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև