«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն շուկա է հանել նոր վարկատեսակ` «Հարսանեկան»

29.03.2013 14:46
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն շուկա է հանել նոր վարկատեսակ` «Հարսանեկան»

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 29-ից «Անելիք Բանկ»  ՓԲԸ շուկա է հանել նոր վարկատեսակ` «Հարսանեկան», հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից ներդրված «Հարսանեկան» վարկատեսակը հնարավորություն է տալիս ամուսնության պատրաստվող զույգերին և ընդհանրապես տոնական միջոցառումների նախապատրաստվող անձանց` հոգալու իրենց ծախսերը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վարկի տրամադրման արագության և պահանջվող թղթաբանության սակավության շնորհիվ վարկառուները կարող են առավելագույնս արագ ստանալով վարկը, կազմակերպել և նշել իրենց սպասվող տոնը: Առաջարկվող այս նոր վարկատեսակից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր սեփականության իրավունքով ունեն  Երևան քաղաքի բազմաբնակարան շենքում գտնվող անշարժ գույք:

Վարկը տրամադրվում է 1-ից մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթի չափով` առանց եկամուտը հաստատող տեղեկանքների ներկայացման, միայն անշարժ գույքի գրավադրմամբ:

«Վարկատեսակի անվանումից պարզ է դառնում, որ վարկը նախատեսված է հարսանեկան և այլ տոնական միջոցառումների ծախսերը հոգալու համար, և վարկը ստանալու համար չի պահանջվում տոնական միջոցառման փաստը հավաստող որևիցե փաստաթուղթ: Վարկառուին անհրաժեշտ չի լինի ներկայացնել եկամուտը հաստատող փաստաթղթեր` տեղեկանք աշխատավայրից, եկամուտը հաստատող այլ տեղեկանքներ, և, միայն գրավադրելով անշարժ գույքը, կարող է ստանալ  պահանջվող վարկը:

Վարկատեսակի առավելությունը կայանում է նաև նրանում, որ վարկի տրամադրման որոշումը կայացվում է վարկառուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում, որից հետո դրական որոշման դեպքում վարկը տրամադրվում է քարտով հաշված օրերի ընթացում:

Վարկառուներին  կտրամադրվեն նաև նվեր քարտեր VISA կամ MasterCard GOLD` առաջին 2 տարին առանց տարեկան սպասարկման վճարի, որոնցով անկանխիկ գնումներ կատարելիս քարտապանները կստանան զեղչեր Հայաստանի շուրջ 500 խանութներում, և սպասարկման կետերում: Կարծում եմ, սա ևս մի խթան է մեր հաճախորդներին առավել մատչելի կազմակերպել իրենց տոնական միջոցառումը»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Հարսանեկան քարտային վարկերը տրամադրելու են «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի «Բաղրամյան», «Արաբկիր», «Շենգավիթ», «Դավիթաշեն», «Կենտրոնական» և «Նոր Նորք» մասնաճյուղերի կողմից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post