Անշարժ գույքի շուկայի վիճակագրության ֆոնին դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

23.04.2013 10:39
Անշարժ գույքի շուկայի վիճակագրության ֆոնին դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի անշարժ գույքի երկրորդային շուկայի վաճառքների ծավալի վիճակագրության ֆոնին դոլարի փոխարժեքը համաշխարհային արժույթների նկատմամբ երկուշաբթի նվազել է, վկայում են առուվաճառքի տվյալները։

Նստաշրջանի ավարտին դոլարն իենի նկատմամբ էժանացել է մինչև 99.23 իեն մեկ դոլարի դիմաց` նախորդ առուվաճառքների ավարտին գրանցված 99.54 իեն արժեքի համեմատ։ Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ նվազել է մինչև 1.3067 դոլար մեկ եվրոյի դիմաց` ուրբաթ օրվա 1.3052 դոլարի համեմատ։ ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 82.72 կետ` նախորդ նստաշրջանի ավարտին գրանցված 82.73 կետի դիմաց։

Ռիելթորների ազգային ասոցիացիայի տվյալներով` մարտին ԱՄՆ–ի անշարժ գույքի շուկայի բնակարանների վաճառքի գործարքների թիվը փետրվարի համեմատ նվազել է 0.6 տոկոսով` մինչև 4.92 միլիոն։ Հրապարակած տվյալները վերլուծաբանների կանխատեսումներից բացասական էին. նրանք սպասում էին հաշվետու ժամանակահատվածում վաճառքների ավելացման 0.4 տոկոսով` մինչև 5 միլիոն գործարք։

«Թույլ տվյալները երկուշաբթի սահմանափակեցին դոլարի փոխարժեքի աճը, բայց իենի պահանջարկը մի փոքր աճեց»,– MarketWatch գործակալությանը հայտնեց Տորոնտոյում Oanda Corp–ի գլխավոր ռազմավար Դին Պոպլուելը (Dean Popplewell), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Եվրոյի փոխարժեքի ամրացմանը նպաստեցին Իտալիայից ստացված լուրերը, որտեղ Ջորջիո Նապոլիտանոն երդում տվեց և երկրորդ անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը։ Առաջիկայում ակնկալվում է բանակցությունների մեկնարկ նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև