Բանկերը սկսում են ավելի ակտիվորեն մասնակցել ֆոնդային շուկաների գնագոյացմանը

26.04.2013 18:00
Բանկերը սկսում են ավելի ակտիվորեն մասնակցել ֆոնդային շուկաների գնագոյացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մի շարք երկրների Կենտրոնական բանկերը սկսել են բաժնետոմսեր գնել` որպես պահուստային ակտիվ։ Այդ մասին հաղորդում է Կոմերսանտ FM–ը` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Այդ լուրը շատ փորձագետների է զարմացրել, քանի որ ֆոնդային շուկայի իրավիճակը վերջին շրջանում շատ անկայուն է։ Երկարաժամկետ ներդրումների համար նախատեսված ավանդական ակտիվները` ոսկին, արժույթը, պարտատոմսերը, ավելի հուսալի են թվում, քան բաժնետոմսերը։ Նման կարծիքի է հակված Բինբանկի միջազգային բիզնեսի և ֆինանսական ինստիտուտների դեպարտամենտի տնօրեն Յուրի Ամվրոսիևը։

«Բաժնետոմսերում արված ներդրումը, հավանաբար, այդքան էլ լավ գաղափար չէ կենտրոնական բանկի համար` հաշվի առնելով, որ բաժնետոմսերի շուկան ամեն դեպքում ավելի շատ է տատանման հակված։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել հենց բաժնետոմսերին։ Հնարավոր է` տեսականորեն  ինչ–որ պետական ընկերություն գտնվի, սակայն միևնույն է` շուկան շատ անկայուն է և երկար հեռանկարով ներդրում անելը ինչ–որ շատ կասկածելի է։ Այդ առումով որևէ սուվերեն արժեթուղթ է հարկավոր. ոսկու և արժույթի պահուստները պակաս ռիսկային են և ավելի գրավիչ երկարաժամկետ ներդրման համար»,– ասում է նա։

Բաժնետոմսերի` որպես պահուստային ակտիվի նկատմամբ կենտրոնական բանկերի հետաքրքրությունը բոլորովին նոր ռազմավարություն է, որի արդյունավետությունը դեռ դժվար է գնահատել, նշել է «Պրոմսվյազ» ընկերության ակտիվների գլխավոր կառավարիչ Եվգենի Տարուբարովը։

«Bloomberg–ի հրապարակած տեղեկությունը անհանգիստ մտքեր է ծնում։  Եվ քանի դեռ հասկանալի չէ ակտիվների չափը, հատկապես արժեթղթերի անունները, կարելի է միայն ենթադրություններ անել։ Ենթադրություններից մեկը կենտրոնական բանկերի կողմից համակարգաստեղծ բանկերի գնումներն էին բարդ իրավիճակների շրջանում` ինչպես եվրագոտում, այնպես էլ Ամերիկայում` ճգնաժամերի սրման ժամանակ։ Այդ պատճառով հավանաբար դրանք կամ արտոնյալ, կամ սովորական բաժնետոմսեր են, կամ էլ պարտքային գործիքներ, որոնք հնարավոր է փոխանակել բաժնետոմսերով` սովորական կամ արտոնյալ։ Ամեն դեպքում տեղեկությունը չափազանց հետաքրքիր է, դրա մասին պետք է մտածել, հիշել և հասկանալ, որ բանկերն իսկապես սկսում են ավելի ակտիվորեն մասնակցել ֆոնդային շուկաների գնագոյացմանը»,– ասել է նա։

Կենտրոնական բանկերի կողմից բաժնետոմսերը որպես պահուստային միջոց օգտագործելը կապված է մեծ ռիսկերի հետ, ենթադրում է «Ալոր» ընկերությունների խմբի ղեկավար տնօրեն Սերգեյ Խեստանովը։

«Եթե կենտրոնական բանկերի կողմից բաժնետոմսերը պահուստների վերածելու մասին տեղեկությունը հաստատվի, ապա դա կխոսի կամ պրոտեկցիոնիզմի, կամ չափազանց ռիսկային մարտավարության մասին, որն իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում կարող է բավական ցավալի իրադարձությունների հանգեցնել»,– ասում է նա։

Central Banking Publications պարբերականի անցկացրած հետազոտության համաձայն, տարբեր երկրների կարգավորիչների 60 ներկայացուցիչներից 23–ը հաստատել են, որ իրենց կազմակերպությունները գնում կամ նախատեսում են գնել բաժնետոմսեր` որպես պահուստային ակտիվ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև