Մահացել է առաջատար ռուս տնտեսագետ, «Ռուսալի» թոփ–մենեջեր Ալեքսանդր Լիվշիցը

26.04.2013 19:01
Մահացել է առաջատար ռուս տնտեսագետ, «Ռուսալի» թոփ–մենեջեր Ալեքսանդր Լիվշիցը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ` ապրիլի 26–ին, 67 տարեկան հասակում սրտի սուր անբավարարությունից մահացել է առաջատար ռուս տնտեսագետ, ՌԴ նախկին վարչապետ և ֆինանսների նախարար, «Ռուսալ» ՀԸ միջազգային և հատուկ նախագծերի տնօրեն Ալեքսանդր Լիվշիցը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Լիվշիցը ծնվել է 1946թ.–ին։ 1971թ.–ին ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողտնտեսության ինստիտուտը։ Նա տնտեսական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

«Ռուսալում» Լիվշիցն աշխատել է 2001թ.–ից։ Մինչ այդ 2000–2001թթ.–ին զբաղեցրել է ««Ռուսական վարկ» Բանկ» ԲԲԸ վարչության նախագահի պաշտոնը`միաժամանակ լինելով Բրյուսելի բանկային միջազգային ակումբի նախագահը։ 1999–2000թթ.–ին զբաղեցրել է «Մեծ ութնյակի» գործերով ՌԴ նախագահի ներկայացուցչի և նախարարի, 1997–1998թթ.–ին` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

1996թ.–ին Լիվշիցը ստանձնում է ՌԴ փոխվարչապետի, ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նույն տարում նշանակվում է ՌԴ–ի կողմից ԱՄՀ–ի կառավարիչի տեղակալի պաշտոնում, իսկ 1997թ.–ին` Բանկային ազգային խորհրդում ՌԴ նախագահի ներկայացուցիչ։ 1994–1996թթ.–ին ՌԴ նախագահի տնտեսական հարցերի օգնական է եղել։ 1993թ.–ի սեպտեմբերին ընդգրկվել է սահմանադրական բարեփոխումների գծով միջոցառումների օպերատիվ վերլուծական ապահովման աշխատանքային խմբում։ 1992թ.–ի ապրիլից զբաղեցրել է նախագահի աշխատակազմի վերլուծական կենտրոնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև