Արդշինինվեստբանկի աուդիտի ենթարկված զուտ շահույթը 2012թ.–ին կազմել է 4,2 մլրդ դրամ

30.04.2013 19:10
Արդշինինվեստբանկի աուդիտի ենթարկված զուտ շահույթը 2012թ.–ին կազմել է 4,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկի զուտ տարեկան շահույթը, ըստ աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության տվյալների, կազմել է 4,2 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Այսօր Արդշինինվեստբանկը հրապարակել է Բանկի 2012թ. գործունեության արդյունքներն` աուդիտի ենթարկված համախմբված ֆինանսական հաշվետվության տվյալների ՖՀՄՍ համաձայն:

«Չնայած hամաշխարհային տնտեսության շարունակական փոփոխականությանը և Հայաստանի բանկային  ծառայությունների շուկայում աճող մրցակցությանը` Բանկը հիմնական ֆինանսական ցուցանիշների արագ աճ է արձանագրել»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, զուտ շահույթն  ավելացել է՝ հասնելով մինչև 4,2 մլրդ ՀՀ դրամ,  որը 79,4%-ով գերազանցում է 2011թ.-ի նույն ցուցանիշը։

Հաղորդագրության համաձայն` զուտ շահույթի աճը ապահովող հիմնական գործոններից են՝ վարկային պորտֆելի ծավալի մեծացումը, ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացումն ու գործունեության ընդհանուր արդյունավետության բարձրացումը:

2012թ. 12 ամիսների զուտ տոկոսային եկամուտը  կազմել է 10,4 մլրդ ՀՀ դրամ՝ 2011թ. ցուցանիշի համեմատ աճելով 18,7%-ով: Բանկի բիզնեսի արդյունավետությունը  հաստատող այս  ցուցանիշի աճը պայմանավորված է Բանկի բիզնես-մոդելի շարունակական փոփոխության հետ:

Զուտ գործառնական եկամուտը նախորդ տարվա համեմատ ավելացել է 21,7 %-ով՝ հասնելով մինչև 15,1 մլրդ ՀՀ դրամ: Ցանկացած երկրի բանկային ոլորտում աննախադեպ աճի նման ընթացքը կապված  է ակտիվների տեղաբաշխման թիրախների իրագործման հետ, ինչպես նաև ակտիվների ընդհանուր ծավալի մեջ բարձր եկամտաբերություն ունեցող ակտիվների թվի աճի հետ (այսինքն՝  վարկավորման միջոցով շուկայում ավելորդ իրացվելիության տեղաբաշխումով):

Բանկի բիզնեսի շահութաբերության հիմնական ցուցանիշներից  մեկը՝ ծախսերի հարաբերակցությունը եկամուտներին (CIR),  2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 47,5%: Տվյալ ցուցանիշը 10,7%-ով գերազանցում  է բանկային համակարգի նույն ցուցանիշը ընդհանուր առմամբ, որը կազմում է 58,2%: Ծախսերի կառավարման խնդիրը առաջնային դեր է զբաղեցնում՝ գտնվելով Բանկի ղեկավարության անընդհատ հսկողության տակ:

«Հավելելով  դրական ֆինանսական արդյունքը՝  Բանկը շարունակեց ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման և գործառնական համակարգի զարգացման աշխատանքները: Ինչպես և նախկինում ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՆ ունի լայն մասնաճյուղային ցանց՝ երկրում ամենամեծերից մեկը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

2013թ. հունվարի 1-ի դրությամբ ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ հաճախորդների բազան կազմում է թվով 9.700 իրավաբանական անձ և 175.350 ֆիզիկական անձ, ինչը 32%-ով գերազանցում է 2011թ. նույն ցուցանիշը: 2012թ. ընթացքում Բանկի ցանցն աճել է 29 կետով՝ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ  հասնելով 330 (ներառյալ բանկոմատները և POS-տերմինալները):

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ.–ի փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: ($1- 410,98 դրամ է)--0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև