ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել Արտահանման վարկավորման ապահովագրության գործակալության ստեղծմանը

02.05.2013 14:50
ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել Արտահանման վարկավորման ապահովագրության գործակալության ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ժողովը հինգշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի լրացումներին, որոնք ենթադրում են ապահովագրական ընկերությունների ստեղծում` պետության մասնակցությամբ։

«Լրացումների ընդունման նպատակը Արտահանման վարկավորման ապահովագրության գործակալության ձևավորման հնարավորությունների ստեղծումն է։ Արտահանման վարկավորման ապահովագրությունը կառավարության` արտահանմանն աջակցելու ռազմավարության շրջանակներում ընդունած որոշում է»,– օրինագիծը ներկայացնելով` ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը։

Նրա խոսքով, Գործակալությունը գործիք է, որը թույլ կտա կառավարությանն օժանդակություն ցուցաբերել մեծ թվով արտահանողների։

«Ծրագրվում է, որ զարգացման հաջորդ փուլում համակարգն ինքնաֆինանսավորվող կդառնա, և մենք կգործենք շուկայական սկզբունքներով»,– նշեց Դավթյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև