Եվրոպացի առաջնորդները տարակարծիք են «բանկային միության» լիազորությունների հարցում

14.05.2013 14:21
Եվրոպացի առաջնորդները տարակարծիք են «բանկային միության» լիազորությունների հարցում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի կենտրոնական բանկի անդամ Յորգ Ասմուսենը կոչ է անում եվրոպացի քաղաքական գործիչներին հաջորդ տարի լրամշակել եվրագոտու բանկային համակարգի վերահսկման սխեման, հաղորդում է Reuters–ը։

«Մենք ձգտում ենք միասնական եվրոպական համակարգ ստեղծել` միասնական ֆոնդով, որը կֆինանսավորվի բանկային համակարգից ստացված հարկերի հաշվին։ Զուգահեռ պետք է միասնական վերահսկիչ մեխանիզմ լինի, որը հավանաբար կհաստատվի արդեն հաջորդ տարվա ամռանը»,– ասել է Յ. Ասմուսենը Եվրամիության ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ։ «Այս կապակցությամբ ԵԿԲ–ն պետք է եվրոպական բանկերի մանրազնին ստուգում անցկացնի` կապված դրանց ակտիվների որակի հետ»,– ավելացրել է նա, հաղորդում է rbc.ru–ն։

Յ. Ասմուսենի խոսքերն առաջացրել են ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի վրդովմունքը, ով հայտարարել է, որ ԵՄ–ում օրենսդրական նորմերը և պայմանավորվածությունները նախատեսում են միասնական վերահսկիչ բանկային մարմին ստեղծել։ Միաժամանակ, եվրոպական կոնվենցիաները, ըստ նրա, այդ մարմնին չեն օժտում միասնական կարգավորիչի լիազորություններով, որը որոշումներ է կայացնում պարտքերի վերակազմավորման կամ բանկի ամբողջական լուծարման մասին։

«Բանկային միության» հարցն այժմ ակտիվ քննարկվում է Եվրոպայում, թեև առաջնորդների դիրքորոշումները հիմնականում չեն համընկնում։ «Բանկային միությունը» երեք քայլ է ենթադրում` ԵԿԲ—ին եվրագոտու բոլոր բանկերը, ինչպես նաև ԵՄ` տվյալ սխեմային միանալ ցանկացող բոլոր բանկերը վերահսկելու իրավունքով օժտելը, խնդրահարույց բանկերի փակման հիմնադրամի ստեղծում և ամբողջ եվրագոտում ավանդների պաշտպանության լիարժեք սխեմայի ստեղծում։

ԵՄ ֆինանսների նախարարները չեն կարող պայմանավորվածության հասնել ԵԿԲ–ին վերահսկող ֆունկցիաներով օժտելու հարցում։ Գերմանիան պնդում է, որ ԵԿԲ–ն կարողանա վերահսկել միայն խոշոր բանկերը, Մեծ Բրիտանիան պահանջում է այնպես սահմանափակել ԵԿԲ–ի ազդեցությունը, որ չխախտվի բրիտանական սուվերենիտետը։

Բանակցություններում ևս մեկ դժվարությունը կապված է Շվեդիայի դիրքորոշման հետ, որը չի մտնում եվրագոտու մեջ, սակայն բանկային զգալի շահեր ունի արժութային դաշինքում ընդգրկված Ֆինլանդիայում։ Եթե ԵԿԲ–ն վերահսկողություն իրականացնի շվեդական բանկային ակտիվների նկատմամբ Ֆինլանդիայում, Շվեդիան մտադիր է հավակնել եվրագոտու մյուս երկրների հետ հավասար ներկայացվածության ԵԿԲ–ում։ Բացի այդ, Շվեդիան մտադիր չէ մարել այլ երկրների բանկային կորուստները սեփական հարկատուների հաշվին։

Ֆրանսիան իր հերթին կողմ է ԵԿԲ–ն վերահսկիչ մարմին դարձնելուն, ինչն առաջին քայլը կդառնա արժութային դաշինքի ավելի խորը ֆիսկալային և տնտեսական ինտեգրմանը, ինչպես նաև կարող է նպաստել ֆրանսիական բանկային համակարգի ամրապնդմանը։ Սակայն  Բեռլինը մտավախություններ ունի, որ նման դեպքում Գերմանիան ստիպված կլինի օժանդակություն ցուցաբերել չափազանց թույլ բանկերին և համաձայնել բանկերի ուղիղ վերակապիտալացմանը եվրագոտու փրկության ֆոնդից, ինչը կախված է միության բանկային պայմաններից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև