ԵԿԲ–ում պատրաստ են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել գնանկման դեմ

23.05.2013 12:32
ԵԿԲ–ում պատրաստ են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել գնանկման դեմ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է ընդլայնել գնանկման դեմ կիրառվող միջոցների ցուցակը, Վաշինգտոնում տեղեկացրել է բանկի կառավարման անդամ Փիթեր Փրեթը, հաղորդում է Reuters–ը։ Եվրոպական ֆինանսական ինստիտուտներից պարտքով վերցված ֆինանսավորման պակասը կարող է վնասել տնտեսության աճն ու անցանկալի կերպով նվազեցնել գնաճը, նշել է ֆինանսիստը։

«Մենք մի նպատակ ունենք` գնային կայունություն։ Եթե այդ նպատակին որևէ բան սպառնա, ապա մենք կարող ենք ընդլայնել գնանկման դեմ ուղղված միջոցների ցուցակը»,– ասել է Փրեթը։ Միաժամանակ նա հրաժարվել է պարզաբանել, թե ինչ միջոցների կարող է դիմել ԵԿԲ–ն, հաղորդում է rbc.ru–ն։

Նշենք, որ ապրիլին եվրագոտու գնաճը կազմել է 1,2 տոկոս, ինչը նվազագույն ցուցանիշն է դարձել վերջին երեք տարվա ընթացքում։ ԵԿԲ–ն ձգտում է գնաճը պահել 2 տոկոսը չգերազանցող մակարդակում։

Միաժամանակ գնանկումը գնաճի հակառակն է, այսինքն` գների նվազման է հանգեցնում։ Դա առաջին հերթին ներդրումների նվազում է առաջացնում և լրջորեն խանգարում է տնտեսական աճին։

Մայիսի սկզբին տեղի ունեցած նիստի ժամանակ ԵԿԲ–ն տնտեսության աճը խթանելու նպատակով նվազեցրեց հաշվառման դրույքաչափը` հասցնելով մինչև տվյալ պահին գրանցված 0,5 տոկոս առավելագույն ցածր մակարդակի։

Նշենք նաև, որ Եվրահանձնաժողովը նախկինում վատացրել էր ընթացիկ ու հաջորդ տարվա կանխատեսումները` եվրագոտու և Եվրամիության ՀՆԱ–ի դինամիկայի վերաբերյալ։ Այսպես, հրապարակված տվյալների համաձայն, եվրագոտու ՀՆԱ–ն 2013թ.–ին կկրճատվի 0,4 տոկոսով և 2014թ.–ին 1,2 տոկոսով կաճի, այն ժամանակ, երբ ԵՀ–ի նախորդ կանխատեսումը ընթացիկ տարում 0,3 տոկոսով արժութային բլոկի տնտեսության կրճատում էր ենթադրում և հաջորդ տարի` 1,4 տոկոսանոց աճ։

Միաժամանակ Եվրամիության տնտեսությունը 2013թ.–ին կկրճատվի 0,1 տոկոսով և 2014թ.–ին կաճի 1,4 տոկոսով, վկայում է ԵՀ–ի կանխատեսումը։ Միաժամանակ նախորդ կանխատեսումը Եվրամիության տնտեսության 0,1 տոկոսանոց աճ էր նախատեսում ընթացիկ տարում և 1,6 տոկոսանոց աճ` հաջորդ տարի։

«Արժույթի հատվածում տևական ռեցեսիայի ֆոնին պետք է շտապ քայլեր ձեռնարկել, որոնք կուղղվեն գործազրկության դեմ պայքարին։ Եվրոպական քաղաքականությունը հենց ուղղված է տնտեսական աճի սատարմանն ու աշխատատեղերի ստեղծմանը։ Ամեն դեպքում ֆիսկալային համախմբման գործընթացը դանդաղում է»,– մեկնաբանել է տնտեսության և ֆինանսների եվրահանձնակատար Օլի Ռենը` նշելով եվրոպական տնտեսության աճի վերականգնման համար կառուցվածքային բարեփոխումների անցկացման կարևորությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև