ԱԽՏ բորսաներն առավելապես նվազում են գրանցել

30.05.2013 10:55
ԱԽՏ բորսաներն առավելապես նվազում են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի օրվա առուվաճառքները բացել են առավելապես նվազմամբ, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը նախազգուշացրել է, որ  համաշխարհային ԿԲ–ների մեղմ դրամային քաղաքականության դադարեցման դեպքում ԱՄՆ–ի պարտատոմսերի եկամտաբերության աճի ռիսկը կմեծանա։

Հարավկորեական  KOSPI-ն ավելացել է 0,12 տոկոսով և կազմել 2003,7 կետ: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նվազել է 0,66 տոկոսով և կազմել 4941,9 կետ: Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 1,77 տոկոսով՝ մինչև 14072,9 կետ։

«Դրամավարկային քաղաքականության պարամետրերի վերանայումն անհրաժեշտության դեպքում կարող է ավելի ծանր և պակաս մեղմ լինել, քան ցանկանում ենք, ինչը կարող է հանգեցնել պարտատոմսերի եկամտաբերության կտրուկ աճի և բացասական լուրջ հետևանքների մի շարք զարգացած և զարգացող երկրների տնտեսության աճի համար»,– նախօրեին ասել է ՏՀԶԿ–ի ավագ տնտեսագետ Պիեր Կառլո Պադոանը։

Բացի այդ, ՏՀԶԿ–ն վատացրել է իր կանխատեսումն ԱՄՆ ՀՆԱ–ի վերաբերյալ։ Այժմ ակնկալվում է, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունը 2013 թվականի արդյունքներով կաճի 1.9 տոկոսով, թեև ավելի վաղ կանխատեսվում էր 2 տոկոսանոց աճ։ Համաշխարհային ՀՆԱ–ն, ՏՀԶԿ–ի գնահատմամբ, 2013 թվականին կավելանա 3.1 տոկոսով` 3.4 տոկոսանոց նախորդ գնահատականի դիմաց։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև