ԶԵԱԲ–ը Հայաստանում ՓՄՁ ոլորտի մոտ 80 նախագիծ է ֆինանսավորել. Իգնատով

11.06.2013 12:42
ԶԵԱԲ–ը Հայաստանում ՓՄՁ ոլորտի մոտ 80 նախագիծ է ֆինանսավորել. Իգնատով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Զարգացման եվրասիական բանկը Հայաստանի տեղական բանկերի միջոցով մոտ 80 նախագիծ է ֆինանսավորել փոքր և միջին բիզնեսի ոլորտում, հայտնեց ԶԵԱԲ–ի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

«Այդ նախագծերն ընդգրկում են գրեթե բոլոր ճյուղերը, ներառյալ` արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, դրանց միջին արժեքը կազմում է մոտ 1 մլն դոլար»,– ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը։

Իգնատովը նշեց, որ ԶԵԱԲ–ի հիմնական պահանջը տնտեսությունը զարգացնելն է, տվյալ դեպքում, Հայաստանի և բանկի մյուս անդամ պետությունների տնտեսությունը։ «Զարգացում ասելով` հասկանում ենք, որ յուրաքանչյուր ներդրած դոլար բազմապատկական էֆեկտ է ունենում Հայաստանի տնտեսությունում` ավելացնելով նրա մրցունակությունը, բարձրացնելով երկրի կապիտալացումը և դրա ՀՆԱ–ն, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է»,– ասաց բանկիրը։

Իգնատովը նշեց, որ Հայաստանում ԶԵԱԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը ներկայում կազմում է 79 մլն դոլար, իսկ ԶԵԱԲ–ի կուտակած ներդրումային պորտֆելի ծավալը հանրապետությունում` 109 մլն դոլար։

Նա հայտնեց նաև, որ ԶԵԱԲ–ի պորտֆելի մոտ 52 տոկոսը փոքր և միջին բիզնեսում կենտրոնացված է Հայաստանում, և որ Հայաստանը ՓՄՁ ոլորտում բանկի կողմից ֆինանսավորված նախագծերի թվով առաջատար է։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև