Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով

12.06.2013 16:08
Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը  կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով, տեղեկացնում, են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:

Ֆինանսավորման համաձայնագիրը հունիսի 12-ին ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300 հազար եվրո գումար կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, մոտ 100 հազար եվրո՝ «Տաթև» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը:

Նախատեսվում է նաև ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարել կոշտ թափոնների կառավարման ազգային ծրագիր ստեղծելու համար, ինչպես նաև աջակցություն տրամադրել Ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու նպատակով:

Մամուլի ծառայությունից նշում են, որ ստորագրվել է  նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված ֆինանսական արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» համաձայնագիրը:

Ֆրանսիական զարգացման գործակալությունը ֆինանսական հաստատություն է, որը պաշտոնական օգնություն է տրամադրում զարգացող երկրներին։ Գործակալությունը ֆինանսավորում է նախագծեր, ծրագրեր ու հետազոտություններ` դրամաշնորհների, վարկերի, երաշխիքային ֆոնդերի տեսքով, աջակցում է զարգացող երկրների իր գործընկերների ներուժի զարգացմանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև